211652_close_icon
views-count5148 դիտում article-date 13:48 12-07-2021

Վրաստանի ընդդիմությունը ներխուժել է խորհրդարան և խոսնակի ամբիոնից կախել ԵՄ դրոշը. տեղի է ունեցել քաշքշուկ. ընդդիմադիրները պահանջում են կառավարության հրաժարականը. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լրագրողներն ու ընդդիմադիրները ներխուժել են Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճ՝  հանդիպում պահանջելով  պատգամավորների հետ, դեպքի վայրից հայտնում է Sputnik-ի վրացական ծառայության թղթակիցը, փոխանցում է Tert.am-ը։

Օրենսդիր մարմնում  քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ ընդդիմադիր TV Pirveli հեռուստաընկերության հիմնադիր Վատո Ծերեթելին որոշել է մտնել նիստերի դահլիճ: Ներկա պահին քաշքշուկը շարունակվում է նիստերի դահլիճում, իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Խորհրդարանի խոսնակի տեղն են զբաղեցրել ընդդիմության ներկայացուցիչներ Թինաթին Բոկուչավան, Ելենա Խոշտարիան, Լելա Կեբուրիան, Խաթունա Սամնիձեն, Անա Նացվլշվիլին, որոնք ամբիոնից կախել են Վրաստանի և Եվրամիության դրոշները: Նրանք ամբիոնից պահանջում են կառավարության հրաժարականը: Անվտանգության աշխատողները փորձում են ընդդիմադիրների մի մասին դուրս հանել դահլիճից: Խորհրդարանի լիագումար նիստը տապալվել է: 

«Դա կանխամտածված սադրանք էր: Նրանք (ընդդիմությունը - խմբ.) սրան էին ձգտում երկար ժամանակ», - ասել է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Շալվա Պապուաշվիլին: 

Նախքան խորհրդարան մուտք գործելը լրագրողները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ շեշտելով, որ պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները՝  պահանջելով կառավարության հրաժարականը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ: Դրա պատճառը TV Pirveli հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահն էր. տղամարդը մահացել է հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ դաժան ծեծի ենթարկվելուց հետո վեցերորդ օրը: Ցուցարարները կարծում են, որ իշխանությունները պետք է պատասխան տան այն բանի համար, որ նրանք անկարգությունների ժամանակ չեն պաշտպանել իրենց քաղաքացիներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր