211652_close_icon
views-count3479 դիտում article-date 16:28 19-07-2021

Հուլիսի 19-ին մեկնարկում է 2021 թվականի բուհերի ընդունելության թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթը

Հանրապետությունում հուլիսի 19-ին մեկնարկում է 2021 թվականի բուհերի ընդունելության թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում  Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ  թափուր տեղերի թիվը 15 հազար է:

«Նախ ասեմ, որ ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացածների թիվը 2 հազար 935 է, դրանց մեջ մտնում են նաև մարդիկ, որոնք կտրվել են. այդ թիվը 1546 է: Կան դիմորդներ, որոնք երկու քննություն են հանձնել, երկուսն էլ անբավարար են ստացել, կան դիմորդներ, որոնք հանձնել են մեկ քննություն և դրանից էլ անբավարար են ստացել: Այն երկու քննություն հանձնողներից մեկը, եթե դրական գնահատական է ստացել, ապա կկարողանա մասնակցել թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթին: Թափուր մնացած տեղերի թիվը մեծ է: Պետական և ոչ պետական բուհերի թափուր տեղերը միասին կազմում են 15 հազար»,-ասաց Կարո Նասիբյանը:

Հուլիսի 19-ից մեկնարկող բուհերի ընդունելության թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի դիմումների ընդունման գործընթացը կշարունակվի մինչը հուլիսի 26-ը: Հայտագրումը կատարվելու է հետևյալ կերպ՝ դիմորդն ընտրելու է մինչև վեց մասնագիտություն: Նա կարող է այդ մասնագիտություններն ընտրել տարբեր բուհերում: Կարո Նասիբյանը նշեց, որ այդ վեց մասնագիտությունների դեպքում առավելությունը տրվելու է միավորին:

«Հաշվի կառնվի ոչ թե այն, որ առաջինն են նշել այս կամ այն մասնագիտությունը, այլ դիմորդների ավելի բարձր միավոր հավաքելը: Հուլիսի 26-ից հետո կազմակերպվելու է մրցույթը, հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստից հետո՝ արդեն հուլիսի 30-ին, հրապարակվելու են թափուր տեղերի մրցույթի վերջնական արդյունքները»,-հավելեց Կարո Նասիբյանը:

Նմանատիպ նյութեր