211652_close_icon
views-count20934 դիտում article-date 19:26 23-08-2021

Զեյթունում կայացավ հրետանու հերոս հրամանատար Վոլոդյա Մհերյանի հուշակոթողի բացման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 22-ին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ռուբինյանց 19/2 շենքի բակում կայացավ 2020-ի 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված և օր ու գիշեր անձնվիրաբար մարտեր մղած, հավերժի ճամփորդ դարձած, Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի շրջանավարտ, հրետանու հրամանատար, լեյտենանտ Վոլոդյա Սանասարի Մհերյանի անմար հիշատակին նվիրված հուշաքարի և ցայտաղբյուրի բացման հանդիսությունը։

Նա ազատամարտիկի որդի էր, մեծացել էր՝ դեռ մանուկ հասակից ընտրելով հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը։ 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին կուրսանտ էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Ափսոսում էր, որ չի թույլատրվում մասնակցել պատերազմին, սակայն պատերազմից հետո ոգևորությամբ էր մասնակցում ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության «Մենք ձեզ հետ ենք, Դուք մենակ չեք» ծրագրին, որի շրջանակներում, որպես օրինակելի և առաջադեմ կուրսանտ, այցելում էր Ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին։

2020-ի պատերազմի օրերին նա արդեն գործող սպա էր՝ հրետանու հրամանատար։

44-օրյա պատերզմի ընթացքում կատաղի մարտեր է մղել՝ թշնամուն հասցնելով մեծաթիվ զրահատեխնիկայի և մարդկային ուժերի կորուստներ։ Շարունակել է հրամանատարությունն ու աննահանջ մարտը անգամ մեկ հրետանիով, մյուս բոլորի շարքից դուրս գալուց հետո և ընկել է անձնվեր պայքարի ժամանակ անհավասար մարտում։
 
Բժիշկներին չհաջողվեց նրա կյանքը փրկել։

Հուշաքարի բացման համար բեմ էին հրավիրված 44-օրյա պատերազմին մասնակցած ու վիրավորված նրա եղբայրը՝ Էդգար Մհերյանը, նրա համակուրսեցի Արմեն Նազարյանը և նրա մարտական ընկերներ, Մարտունի 2-ի մարտկոցի հրամանատար, կապիտան Ռուբեն Պապյանն ու Մարտունի 2-ի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Քոչարյանը։

Հուշարձանի բացման օրը պատահական չէր ընտրված՝ նա այդ օրը կդառնար 24 տարեկան։
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+

Նմանատիպ նյութեր