211652_close_icon
views-count1574 դիտում article-date 11:00 07-09-2021

Լեգիտիմ խորհրդարանը ժողովրդավարության երաշխիք չէ․ «Առովոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Գերմանացի իրավաբան եւ քաղաքագետ Կարլ Շմիդտն իր աշխատություններում փորձում էր ապացուցել, որ պառլամենտարիզմն ու ժողովրդավարությունը բացարձակապես տարբեր բաներ են: Պառլամենտարիզմն ազատական հայեցակարգի տարր է. այն ենթադրում է, որ կրթված, զարգացած եւ բարեկեցության որոշակի մակարդակ ունեցող մարդիկ հավաքվում են եւ ազատ ու առարկայական բանավեճում քննարկում են, որոշումներ են ընդունում պետության համար կարեւոր այս կամ այն խնդրի շուրջ: Դեմոկրատիան ժողովրդի իշխանություն է. ըստ Շմիդտի, ժողովուրդն իր մեծամասնության կամքով կարող է որոշում կայացնել կառավարման եւ քաղաքական ռեժիմի ցանկացած ձեւի վերաբերյալ, այդ թվում կարող է վերացնել պառլամենտարիզմը եւ օրինական որոշում ընդունել՝ դիկտատուրա հաստատելու վերաբերյալ: Ինչ խոսք, բավականին վիճելի պնդում է, որը ճանապարհ է բացում իշխանության ցանկացած կամայականության համար:

Բայց պետք է հաշվի առնել, որ Շմիդտն իր այս աշխատությունները գրում էր Գերմանիայի, այսպես կոչված, «Վայմարյան հանրապետության» տարիներին (1918-1933), երբ կային թե՛ պառլամենտարիզմի եւ թե՛ ժողովրդավարության դրսեւորումներ, որոնք, սակայն, գերմանացիներին առանձին երջանկություն չէին պարգեւում: Ի դեպ, կիսանախագահական համակարգը, որին ոմանք Հայաստանում կոչ են անում վերադառնալ, վերցրած է հիմնականում հենց այդ հանրապետության փորձից, որը, պետական իրավունքի մասնագետներից շատերի կարծիքով, լավագույն փորձը չէ. այդ համակարգում, եթե նախագահը չունի խորհրդարանում մեծամասնություն, դա բերում է քաոսի, իսկ եթե ունի այդ մեծամասնությունը, ապա նախագահը ստանում է այնպիսի լիազորություններ, որոնց կնախանձեր ցանկացած թագավոր:

Այն, որ Հայաստանում կա խորհրդարան, եւ նույնիսկ այն, որ այդ խորհրդարանը վերջին երկու անգամներն ընտրվել է քիչ թե շատ ազատ ընտրությունների արդյունքում, դեռեւս ամենեւին չի նշանակում, որ մենք ապրում ենք ժողովրդավարության պայմաններում: Հատկապես զավեշտալի է, երբ պատգամավորներն են պնդում, իբր մենք ապրում ենք ժողովրդավարության պայմաններում՝ այն պարագայում, երբ այդ պատգամավորների երեք գործընկերները գտնվում են անազատության մեջ:

Մյուս կողմից հիշեցնենք, որ նույն Գերմանիայում, 1993-39 թվականներին ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանն ընդունեց մի շարք օրենքներ, որոնք արգելում էին հրեաներին պետական պաշտոններ զբաղեցնել, ինչպես նաեւ աշխատել մի շարք բնագավառներում (օրինակ, լինել ուսուցիչ կամ թերթի խմբագիր): Արդյոք դա ժողովրդավարությա՞ն դրսեւորում էր: Ըստ Կարլ Շմիդտի՝ այո, քանի որ ընտրողները Ռայխսթագին նման մանդատ էին տվել: Ըստ իս՝ ոչ, որովհետեւ ժողովրդավարությունն, իմ կարծիքով, ենթադրում է նաեւ որոշակի բարոյական նորմեր, որոնք չեն կարող հարաբերական լինել` կախված մեծամասնության տրամադրություններից: 

Այդ բարդ խնդիրները միայն առաջին հայացքից են վերացական թվում: Առանց ԱԺ համաձայնության՝ հետապնդելով ընտրված պատգամավորներին, Հայաստանի իշխանությունը խախտում է գրված օրենքները: Իսկ եթե օրենքում (ընդ որում՝ լեգիտիմ խորհրդարանի կողմից ընդունված օրենքում) գրված լինի, որ Փաշինյանի բոլոր ընդդիմախոսները կարող են հետապնդվել, դա կլինի ժողովրդավարությո՞ւն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր