211652_close_icon
views-count1543 դիտում article-date 23:18 12-09-2021

2021թ. Երևանում երրորդ անգամ կայանալու է Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և ջանքերով 2021 թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 19։00-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի Բարձր հովանու ներքո, Երևանում Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում (Աբովյան 13) կկայանա Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի Բացման հանդիսավոր արարողությունը։ Բիենալեն կշարունակվի մինչև 2021 թ. նոյեմբերի 18-ը, իսկ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2021 թ. հոկտեմբերի 11-ին։

Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն երրորդ անգամ հնարավոր եղավ իրականացնել Հայաստանի Հանրապետության նախագահի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների աջակցության շնորհիվ։   

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր-նախագահ և երևանյան Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա  Հարությունյանը տեղեկացրեց, որ Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի հատուկ հյուրն է գերմանացի շեփորահար Մարկ Ցվինգելբերգերը, որի երաժշտական կատարման ուղեկցությամբ կազդարարվի Բացման և կկայանա Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունները։

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը, դեռևս տարիներ առաջ, գիտակցելով հայ արվեստում գեղարվեստական տպագրության առկայության և այս ոլորտում ստեղծագործող երիտասարդ նկարիչների կայացման կարևորությունը, հաշվի առնելով դաշտում գործող արվեստագետների նվաճումներն ու ներուժը, ինչպես նաև ամփոփելով այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, կուտակած փորձն ու առկա արդյունքները, 2017թ. առաջին անգամ մայրաքաղաք Երևանում, հետամուտ եղավ Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017-ի իրագործմանը:

73 երկրից փորագրանկարչության ոլորտում ստեղծագործող 955 միջազգային արվեստագետ դիմեց մասնակցության Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017-ին և կազմկոմիտեն ընդունեց գեղարվեստական տպագրության տարատեսակ տեխնիկաներով կատարված ավելի քան 3230 աշխատանք։

Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017-ի շրջանակում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության կողմից ձևավորված միջազգային ժյուրին (նախագահ` Ինգա Հեամագի (Էստոնիա), փոխնախագահ` Ախիմ Քյոնեկե՝ (Գերմանիա), դոկտոր Ալեքսանդրա Շտեհելի (Շվեյցարիա), դոկտոր Մատեուշ Օտրենբա (Լեհաստան), Սոնա Հարությունյան (Հայաստան)) Երևանում 2017թ․ հոկտեմբերի 25-ից դեկտեմբերի 15-ը ներկայացվող մրցութային ցուցադրության համար ընտրեց 50 երկրի 227 արվեստագետի 447 աշխատանք։

Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017-ին ընտրված արվեստագետների քանակով հատկապես առանձնանում էին Լեհաստանը՝ 33, Չինաստանը՝ 31, Գերմանիան՝ 26, Հայաստանն ու ԱՄՆ՝ 13-ական և Ֆրանսիան՝ 99 արվեստագետով։

2017 թ. հոկտեմբերի 25-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում կայացավ Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017-ի բացման, իսկ հոկտեմբերի 28-ին՝ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, և ապա հանրությանը ներկայացվեցին միջազգային ժյուրիի ընտրած չորս մրցանակակիրները՝ (Գլխավոր մրցանակ՝ Դարինա Պիևա /Բուլղարիա/, Առաջին մրցանակ՝ Տոմաշ Վինյարսկի /Լեհաստան/, Երկրորդ մրցանակ՝ Մինծյե Ճան /Չինաստան/, Երրորդ մրցանակ՝ Արման Վահանյան /Հայաստան/), ինչպես նաև պատվոգրերի արժանացած միջազային արվեստագետները։

Գեղարվեստական տպարգության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ին մասնակցության հայտ ներկայացրեց 76 երկրի 1215 արվեստագետ՝ փորագրանկարչության բազմատեսակ տեխնիկաներով ու գեղարվեստական տպագրության ուղղություններով կատարված շուրջ 5000 աշխատանքով։

Որպես առաջին՝ նախընտրական փուլի արդյունք, Գեղարվեստական տպարգության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի միջազգային ժյուրին (նախագահ՝ դոկտոր Մատեուշ Օտրենբա (Լեհաստան), փոխնախագահ՝ Մարգարիտ Լեհման (Շվեյցարիա), Հերբերտ Մայեր (Գերմանիա), Լիան Էնջի (ԱՄՆ), Սոնա Հարությունյան (Հայաստան)) Երևանում վերջնական մրցույթում ցուցադրելու համար ընտրեց 47 երկրի 214 արվեստագետի 337 աշխատանք։

Գեղարվեստական տպարգության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ին մասնակցող փորագրանկարիչների քանակով առանձնացան Չինաստանը՝ 30, Լեհաստանը՝ 27, Հայաստանը՝ 18, Ռուսաստանը՝ 11 և Սերբիան՝ 9 արվեստագետներով։ 

Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի Բացման հանդիսավոր արարողությունը կայացավ 2019 թ. սեպտեմբերի 7-ին, Երևանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում։

Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ը հատկապես կարևորվեց այն փաստով, որ անցկացվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Հայաստանում մի շարք երկրների դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և պաշտոնատար անձիք, ինչպես նաև միջազգային ու հայաստանցի բազմաթիվ հյուրեր, մասնակից և փորագրանկարչության ոլորտում այսօր ստեղծագործող հայ և օտարազգի այլ արվեստագետներ իրենց ներկայությամբ պատվեցին Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի բացման արարողությունը։

Գեղարվեստական տպարգության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի միջազգային ժյուրին մայրաքաղաք Երևանում կայացած ավարտական քննարկման արդյունքում ընտրված աշխատանքներին Գեղարվեստական տպարգության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ընթացքում՝ սեպտեմբերի 9-ին, «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում շնորհեց չորս հուշամեդալ՝ Գլխավոր (Խուեի Ճան (Չինաստան), Առաջին (Սուջարիտ Ռաթանա (Թայլանդ), Երկրորդ (Քշիշտոֆ Տոմալսկի (Լեհաստան), Երրորդ (Մուանտա Սուպատանավադի (Թայլանդ) մրցանակները։ 

Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի մասնակիցներն արժանացան նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Ռուսաստանի մշակութային և գիտական կենտրոնի» հատուկ մրցանակների և պատվոգրերի։

Իսկ 2021 թ. հոկտեմբերի 8-ին, կրկին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո, հանդիսավոր կերպով սկիզբ է առնում Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ը։ 

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և բիենալեի կազմկոմիտեն հյուրընկալում են Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի միջազգային ժյուրիի անդամներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներին, հայաստանյան և օտարերկրյա պաշտոնատար անձանց։ Մայրաքաղաքի միջազգային արվեստային լայնածավալ այս ցուցադրության բոլոր հյուրերն ու արվեստագետները գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն ոչ միայն հարստացնում են իրենց մասնակցությամբ, այլև համալրում են ցուցադրության բովանդակությունն ու իմաստը, նպաստում՝ Հայաստանի համար չափազանց կարևոր Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային բիենալեի կայացմանն ու անխափան ընթացքին։ 

Հատկապես մեծ է բիենալեի դերն ու նշանակությունը Հայաստանում կրթամշակութային ծրագրերի իրականացման առումով։ Վերջինիս վառ վկայությունն են բիենալեի շրջանակում ավանդաբար կազմակերպվող հանդիպումները, զեկուցումները, վարպետության դասընթացները և մասնագիտական աշխատարանները, որոնք միտված են փորագրանկարչությամբ զբաղվող հայ երիտասարդ արվեստագետներին խրախուսելու և ստեղծագործելու անընդմեջ ազդակներ ապահովելու գործընթացի շարունակականության պահպանմանը։ Հայաստան ժամանած՝ միջազգային վարկանիշ վայելող մասնագետներն իրենց փորձն ու գիտելիքը փոխանցում են ոչ միայն հայ ուսանողներին, այլև արդեն կայացած արվեստագետներին։

Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն, թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանից դուրս՝ միջազգային մասնագիտական հարթակներում կարճ ժամանակում մեծ ճանաչելիություն ձեռք բերեց և նույնքան էլ մեծ արձագանք ու ընդունելություն ստացավ։ Նման արդյունավետ ու սրընթաց զարգացում չէին ենթադրում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության աշխատակազմն ու Բիենալեի կազմկոմիտեի անդամները, երբ առաջին անգամ նախաձեռնում էին Գեղարվեստական տպագրության երևանյան Առաջին միջազգային բիենալեն։

Վերջին հինգ տարիների ընթացքում գեղարվեստական տպագրության ոլորտը զարգացել և ճանաչում է ստացել, աճել է հետաքրքրությունը դրա նկատմամբ։ Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային բիենալեն տարածաշրջանում ու աշխարհում բարձր վարկանիշ է ձեռք բերել և իր ուրույն տեղն է գրավել նաև նմանատիպ մի շարք միջազգային միջոցառումների ու փառատոների շարքում։

Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017-ից անցած այս կարճ ժամանակամիջոցում ակնհայտորեն նկատելի է այս ցուցադրությանը թե՛ մասնակիցների ու նրանց ներկայացրած աշխատանքների, և թե՛ դրանց որակների ու ծավալների կրկնակի աճը։

Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի շրջանակում կազմկոմիտեն հրավիրեց աշխարհի տարբեր երկրների արվեստագետներին՝ իրենց աշխատանքներն ընտրական առաջին փուլին ուղարկելու համար։ 67 երկրից 714 արվեստագետ միաջզգային մրցույթին մասնակցելու համար դիմեց գեղարվեստական տպագրության բազմատեսակ տեխնիկաներով ու ոճերով կատարված ավելի քան 2300 աշխատանքով։

Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի շրջանակում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության կողմից ձևավորված միջազգային ժյուրին (նախագահ՝ դոկտոր Մատեուշ Օտրենբա (Լեհաստան), փոխնախագահ՝ Լի Քան (Չինաստան), Ալեքսանդրա Շտեհելի (Շվեյցարիա), Մեհդի Դարվիշի (Իրան), Սոնա Հարությունյան (Հայաստան)) ընտրություն կատարեց և մրցութային փուլում ներկայանալու համար հաստատեց 53 երկրի 353 արվեստագետի 496 աշխատանք։ 

Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ին մասնակցող արվեստագետների քանակով առաջին հորիզոնականն զբաղեցնում է Լեհաստանը՝ 73, որին հաջորդում են Հայաստանը՝ 30, Չինաստանը՝ 28, Հնդկաստանը՝ 21 և Ռուսաստանը՝ 16 արվեստագետներով։

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը նախորդող օրերի ընթացքում Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի միջազգային ժյուրիի անդամներն ավարտական քննարկման արդյունքում կընտրեն մրցանակակիրներին, որոնց կշնորհվեն չորս հուշամեդալներ՝ Գլխավոր, Առաջին, Երկրորդ, Երրորդ մրցանակներ։ Առանձնակի ուշադրության արժանացած մասնակիցներին կշնորհվեն նաև «Ռուսաստանի մշակութային և գիտական կենտրոնի», «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ մրցանակներ, իսկ լավագույն աշխատանքները կարժանանան պատվոգրերի։

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և բիենալեի կազմկոմիտեի համար մեծ պատիվ է ամբողջ աշխարհից գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող անվանի արվեստագետների 496 փորագրանկար աշխատանքները մայրաքաղաք Երևանում ներկայացնելը՝ տարածաշրջանում բացառիկ հարթակ ստեղծելով ժամանակակից գեղարվեստական տպագրության շուրջ երկխոսության համար։

Նմանատիպ նյութեր