211652_close_icon
views-count2367 դիտում article-date 14:15 02-10-2021

«Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, 2021»-ի հատուկ հյուրն է գերմանացի անվանի շեփորահար Մարկ Ցվինգելբերգերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2021 թ. հոկտեմբերի 1-ին Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում տեղի ունեցավ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնած՝ «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի առաջին մամուլի ասուլիսը, որին կազմակերպության հիմնադիր նախագահ և Երևանյան գեղարվեստական տպագրության բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանից բացի ներկա էին և շնորհավորական խոսք ասացին բիենալեի մշտական գործընկերներ դիվանագիտական, տեղի և արտասահմանյան կառույցների ներկայացուցիչներ՝ Կլաուս Վենդելբերգերը (Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան), Պատրիկ Գուտը (Շվեյցարիայի դեսպանություն), Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային (Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոն), Աշոտ Բարսեղյանը («Հայաստան» համահայկական հիմնադրամ), Հասմիկ Մուրադյանը (Գյոթե կենտրոն) և Անդրանիկ Արզումանյանը (Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոն)։ 

Սոնա Հարությունյանը, ներկայացնելով «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի վերաբերյալ տեղեկություններ, նախ և առաջ շնորհակալություն հայտնեց բանախոսներին՝ կարևորելով և գնահատելով նշված կառույցների հետ շարունակական և արդյունավետ համագործակցությունը, ապա մեկ անգամ ևս հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո 2021 թ. հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 18-ը Երևանում, Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում (Աբովյան 13) անցկավող Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2021 թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 18։00-ին։

Նա նշեց, որ Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի շրջանակում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության կողմից ձևավորված միջազգային ժյուրին (նախագահ՝ դոկտոր Մատեուշ Օտրենբա (Լեհաստան), փոխնախագահ՝ Լի Քան (Չինաստան), Ալեքսանդրա Շտեհելի (Շվեյցարիա), Մեհդի Դարվիշի (Իրան), Սոնա Հարությունյան (Հայաստան)) մրցութային փուլում ներկայանալու համար հաստատել է 53 երկրի 353 արվեստագետի 496 աշխատանք։ 

Սոնա Հարությունյանը ներկայացրեց նաև որոշ վիճակագրական տեղեկություններ Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ին մասնակցող արվեստագետների քանակի վերաբերյալ, նշելով, որ առաջին հորիզոնականն զբաղեցնում է Լեհաստանը՝ 73, որին հաջորդում են Հայաստանը՝ 30, Չինաստանը՝ 28, Հնդկաստանը՝ 21 և Ռուսաստանը՝ 16 արվեստագետներով։

2021 թ. հոկտեմբերի 9-ին և 10-ին միջազգային ժյուրին մեկ անգամ ևս ընտրություն կկատարի՝ սահմանելով հաղթող աշխատանքները, որոնց, հոկտեմբերի 11-ին՝ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը, կշնորհվեն չորս հուշամեդալներ՝ Գլխավոր, Առաջին, Երկրորդ, Երրորդ մրցանակներ։ Հուշամեդալների հեղինակն է քանդակագործ Հարություն Կարապետյանը։ Առանձնակի ուշադրության արժանացած մասնակիցներին կշնորհվեն նաև «Երևանում Ռուսական տան», «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ մրցանակները, իսկ լավագույն աշխատանքները կարժանանան պատվոգրերի։

Սոնա Հարությունյանը նշեց նաև, որ այս անգամ որպես հյուր Հայաստան կայցելեն մասնակից արվեստնագետներից 7-ը, իսկ որպես բիենալեի հատուկ հյուր է հրավիրված գերմանացի շեփորահար Մարկ Ցվինգելբերգերը, որի Հայաստան ուղևորությունն ու կեցությունն ամբողջությամբ ապահովել է Երևանում Գյոթե կենտրոնը։

Գերմանացի շեփորահարի երաժշտական կատարման ուղեկցությամբ էլ տեղի կունենան ինչպես բացման, այնպես էլ մրցանակաբաշխության (2021 թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 19։00) հանդիսավոր արարողությունները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր