211652_close_icon
views-count1991 դիտում article-date 23:22 14-09-2021

Երևանի Օղակաձև այգում կտեղադրվի Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշարձան

 Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշարձան կտեղադրվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշակոթողի տեղադրման վերաբերյալ նախագիծը միաձայն ընդունվեց Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, ներկայացնելով նախագիծը, տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետին են դիմել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին իբրև արդարադատության հատուցում վնասազերծումն իրականացրած վրիժառուների  ժառանգների ներկայացուցիչները՝ խնդրելով, որ Երևանում տեղադրվի նրանց հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթող:

«Նախաձեռնությունն ընդունվել է Երևանի քաղաքապետարանում և որոշման նախագիծն անցել է տևական բազմաբնույթ ընթացակարգով, կանոնակարգով սահմանված անհրաժեշտ և հավելյալ բոլոր փուլերը: Կայացել է հանրային մեծ քննարկում Գիտությունների ազգային ակադեմիայում, որին մասնակցել են Երևանի  ավագանու խմբակցությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, պատմաբաններ: Քննարկելով հարցը իր պատմական, քաղաքական բարոյահոգեբանական բոլոր տեսանկյուններից՝  արձանագրվել է, որ միանգամայն արժանի է  հավանության մեր հայորդիների ժառանգների այս նախաձեռնությունը»,-շեշտեց Արեյանը:

 Նրա խոսքով՝ նախագծի վերաբերյալ գրավոր դրական կարծիք են հայտնել Երևանի ավագանու բոլոր խմբակցությունները, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«2020 թվականի հուլիսի 10-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում-խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Երևան քաղաքում արժանապատիվ ասպետների հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու վերաբերյալ նրանց ժառանգների կողմից՝ Երևանի քաղաքապետարան ուղղված դիմումը: Հայոց ցեղասպանության վրիժառուների հավաքական հուշակոթողի տեղադրման հարցն ունի քաղաքական և բարոյահոգեբանական կարևոր նշանակություն»,- նշված է նախագծում։

Նմանատիպ նյութեր