211652_close_icon
views-count1763 դիտում article-date 12:10 20-09-2021

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 16 տոկոսով՝ կազմելով 1.9 մլրդ դոլար

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021-ի առաջին կիսամյակում աճել է 16 տոկոսով՝ կազմելով 1.9 մլրդ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Երևանում Armenia Business Forum-ի շրջանակում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով քննարկման ժամանակ:

Գրիգորյանը նախ հիշեցրեց, որ 2019 թվականին առաջին անգամ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտուրը գերազանցել է 2 մլրդ դոլարի մակարդակը:

«Չնայած գլոբալ համաճարակի թելադրանքով մեր քաղաքացիների տեղաշարժի և ապրանքների տեղաշարժի պարտադրված սահմանափակումներին՝ 2020-ին մեզ հաջողվեց երկկողմ առևտրի ընդամենը մի փոքր անկում գրանցել»,-ասաց փոխվարչապետը:

Իսկ ինչ վերաբերում է ընթացիկ տարվան՝ Գրիգորյանը նկատեց, որ աճն արդեն ակնհայտ է.

«Տարվա առաջին կիսամյակի համար ապրանքաշրջանառությունը կազմել է 1.9 մլրդ ԱՄՆ դոլար (աճը 16 տոկոս),  ներմուծման աճը կազմել է 9 տոկոս, իսկ արտահանումը՝ 36 տոկոս»:

Արտահանման հիմնական մասը կազմել են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղները, քարերը և դրանցից ստացված արտադրանքը, ինժեներական արտադրանքը, գյուղատնտեսական ապրանքները, թեթև արդյունաբերությունը, քիմիական արտադրանքը և սննդամթերքը: Գրիգորյանը նկատեց, որ արտահանման ծավալների ավելացման ակնհայտ հեռանկարներ կան, առաջին հերթին `ոչ հումքային արտադրանքի:

«Այս ամենը վկայում է այն մասին, որ ռացիոնալ կլիներ ակտիվացնել արդյունաբերական համագործակցությունը և համատեղ կորպորացիաների և արդյունաբերությունների զարգացումը, իրականացնել համատեղ նորարարական նախագծեր, որոնք թույլ կտան մրցունակ լինել արտաքին գործընկերների նկատմամբ»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր