211652_close_icon
views-count1190 դիտում article-date 16:54 20-04-2022

Հայաստանի Ռուսաստանի միջև 2021 թվականին ապրանքաշրջանառությունն աճել է 13 տոկոսով․ Միշուստին

Մոսկվան եւ Երեւանը 2021թ․ նախորդ տարվա համեմատ ավելացրել են երկրների միջեւ երկկողմ առեւտրի ծավալները գրեթե 13 տոկոսով։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ արտաքին առեւտրային գործընկերների եւ ներդրողների շարքում առաջինն է։ Անցած տարի փոխադարձ առեւտուրը 2020թ․ համեմատ աճել է գրեթե 13 տոկոսով, եւ աճը շարունակվում է։ Այն հասել է 2 միլիարդ 600 միլիոն դոլարի»,-ասել է Միշուստինը։

Ընդ որում, այս տարվա հունվար-փետրվարին առեւտուրն աճել է 42 տոկոսով՝ կազմելով գրեթե 430 միլիոն դոլար, հավելել է Միշուստինը։ Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունում ռուսական ներդրումների ծավալը գերազանցում է 2 միլիարդ դոլարը։

«Իհարկե, մենք շահագրգռված ենք երկկողմ համագործակցության ընդլայնմամբ, նոր համատեղ նախագծերի մեկնարկով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտային ենթակառուցվածքը, դեղագործությունը, ագրոարդյունաբերական համալիրը, թվային տնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, նորարարությունները»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր