211652_close_icon
views-count1308 դիտում article-date 15:42 20-09-2021

Փոխելով դասական արվեստի մասին պատկերացումը. Սերգեյ Սմբատյանի ղեկավարած նվագախումբն ու Յոզեֆ Կալեյան փայլուն ներկայացան InClassica փառատոնին

InClassica երաժշտական խոշորագույն իրադարձությունը, որը դասական արվեստի երկրպագուներին տարիներ շարունակ հնարավորություն է տալիս վայելելու աշխարհի լավագույն երաժիշտների, նվագախմբերի կատարումներն, այս տարի հյուրընկալվել է Արաբական Միացյալ Էմիրությունների ամենազարգացած քաղաքներից մեկում՝ Դուբայում:

Երաժշտասերները փառատոնի շրջանակում հնարավորություն ունեցան Դուբայի Coco-Cola Arena-ում գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ունկնդրելու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և ճանաչված տենոր Յոզեֆ Կալեյայի կատարումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին հնչեցին աշխարհահռչակ կոմպոզիտորներ  Վերդիի, Բիզեի, Պուչինիի, Գունոյի, Մորիկոնեի և այլ ականավորների ստեղծագործություններ: Հանդիսատեսը, որը բուռն ծափողջույններով էր արձագանքում բոլոր կատարումներին, համերգի ավարտին դոփյուններով «բիս» էր պահանջում, իսկ արտիստները կրկին ու կրկին բեմ էին վերադառնում:

Համերգից հետո լրագրողների հետ զրույցում Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Յոզեֆ Կալեյան Մալթայի ամենահայտնի երգիչներից է և նվագախմբի լավագույն ընկերը:

«Մեծ պատիվ է ներկայացնել նվագախումբը բարձր մակարդակով կազմակերպված փառատոնում, որի շրջանակում աշխարհի լավագույն նվագախմբերն են ելույթ ունեցել և դեռ ունենալու են. շատ հետաքրքիր է ու պատասխանատու, քանի որ Մալթայի ֆիլհարմոնիկն առաջին անգամ է հանդես գալիս Դուբայում»,-խոստովանեց դիրիժորը:

Նա հիշեցրեց, որ փառատոնին մասնակցել է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Սիմֆոնիկը նվագակցել է փառատոնի շրջանակում անցկացվող Classic Piano միջազգային մրցույթի 3-4-րդ փուլերը: Ութ համերգ են նվագակցել: Իններորդ համերգին ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ Դուբայի օպերային թատրոնում հնչեցրել են Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, որը ևս «բրավոներով» է ընդունվել:

Սմբատյանի համոզմամբ՝ InClassica փառատոնը փոխում է պատկերացումը  դասական ակադեմիական արվեստի մասին: Փառատոնին համերգային ծրագրեր են կազմակերպվում ոչ միայն երեկոյան, այլև ցերեկը՝ երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ:

Ըստ Սմբատյանի՝ InClassica-ն մեծամասշտաբ միջոցառում է, որը մեկ հարկի տակ է համախմբել աշխարհում պահանջված արտիստների, որոնցից են Միշա Մայսկին, Մաքսիմ Վենգերովը, Յոզեֆ Կալեյան և այլք: Նրա խոսքով՝ այդ հանգամանքը կարող է նպաստել Դուբայում դասական արվեստի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը: Համերգները փաստում են, որ հանդիսատեսը նոր է, բայց հուզական է ու պատրաստ է լիարժեք ընդունել դասական արվեստն ու նրա մասը դառնալ:

Տենոր Յոզեֆ Կալեյան, որը շատ ոգևորված էր երաժշտասերների ջերմ ընդունելությունից, շեշտեց՝ երգում է, որպեսզի մեծ բավականություն պատճառի մարդկանց:

«Ավելի լավ բան չկա, քան տեսնել, թե ինչպես է հանդիսատեսը հրճվում և վայելում երաժշտությունը: Իհարկե, կարևոր է երգչի արտիստիզմը, կատարողականությունը, սակայն  ամենաէական բանը հանդիսատեսին զգալն է, հակառակ դեպքում ամեն ինչ կփչանա»,-հավաստիացրեց երգիչն ու հավելեց, որ տարիներ առաջ Դուբայում դասական երաժշտությանը վերաբերող միջոցառումներ գրեթե չկային, սակայն, հնարավոր է՝ առաջիկայում քաղաքը դասական երաժշտության առաջատարներից մեկը դառնա, ինչին կարող է նպաստել InClassica փառատոնը:

Անդրադառնալով Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցությանը՝ Կալեյան ասաց, որ հունիսին հենց Դուբայում են առաջին անգամ աշխատել:



«Ես հայերեն երգեցի, Սերգեյը շատ տպավորված էր իմ լավ արտասանությամբ, իսկ ես սիրահարվեցի այդ երաժշտությանը: Ո՞վ գիտի, գուցե հայկական երգեր սկսեմ կատարել և գուցե այցելեմ Հայաստան: Շատ սիրեցի Ալեքսանդր Սպենդիարյանի «Այ վարդ» ռոմանսը: Նրանում կիրք կա, զգացմունք, գեղեցիկ արտահայտություններ, և ես ցանկանում եմ ավելի շատ բացահայտել հայկական երաժշտությունը»,-եզրափակեց Յոզեֆ Կալեյան:

Դուբայում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 26-ն անցկացվում է երաժշտական խոշորագույն իրադարձություն՝ InClassica տասներորդ միջազգային երաժշտական փառատոնը, որի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով) և SAMIT Event Group-ը։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։ Փառատոնին մասնակցում է համաշխարհային ճանաչում ունեցող 38 կատարող, 7 առաջատար նվագախումբ, 12 դիրիժոր։

InClassica միջազգային փառատոնի մասնակիցների թվում են «Գրեմմի» և Էվերի Ֆիշերի մրցանակների արժանացած ջութակահար Գիլ Շահամը, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևը, «Էմմի», ECHO Klassik մրցանակների դափնեկիր, օպերային երգչուհի Դանիել դե Նիզը, «Գրեմմի» մրցանակի արժանացած, Gramophone Classical Music Award-ի կրկնակի դափնեկիր, Edison Classical Music Award-ի 5-ակի դափնեկիր, ջութակահար Մաքսիմ Վենգերովը և մեծ ճանաչում վայելող այլ արտիստներ։

Նմանատիպ նյութեր