211652_close_icon
views-count1332 դիտում article-date 10:13 24-09-2021

Հայաստանը կարող է լուրջ դերակատար լինել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրի սահմաններին կամ, որ ավելի ստույգ՝ սահմաններից ներս, կամ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին, տառացիորեն կաթվածահար է անում մեր երկիրը։ Ընդ որում, խոսքը միայն տնտեսության մասին չէ, այլեւ՝ մարդկանց բնականոն կյանքի խաթարման, բարոյահոգեբանական մթնոլորտի անկման, սեփական ուժերին չհավատալու մասին է։ Չաշխատեց տնտեսությունը, կտապալվեն պետության բոլոր ոլորտները։ Եվ թշնամին սա շատ լավ է գիտակցում։

Ավելի լայն կոնտեքստով՝ խոսքը Իրանի հետ միջպետական ճանապարհի անգործունակ դառնալու մասին չէ միայն։ Այստեղ գեոքաղաքական, գեոռազմավարական լրջագույն խնդիրներ կան։ Տարածաշրջանում թուրք-ադրբեջանական եղբայրությունն է ուժեղանում, Մեղրիի ազատ տնտեսական գոտու հեռանկարն է հարցականի տակ դրվում, եւ, ի դեպ, վրացական ուղու այլընտրանքն էլ է կասկածի տակ։ Եվ սա հասկանալու համար խորը գիտելիքներ պետք չեն։ Պարզապես պետք է գործարարների հետ խոսել եւ հասկանալ Ասիայից Հայաստան ապրանքների ներմուծման երկու նավահանգիստների ձեռնտու լինել-չլինելն ու պատճառները։ Չմոռանանք, որ վրացական ուղղությամբ անխափան բեռնափոխադրումներն էլ երաշխավորել չենք կարող։ Եթե նույնիսկ բացառենք քաղաքական ինչ-ինչ դրդապատճառները, եղանակային պայմանների հետեւանքները մենք գրեթե ամեն տարի զգում ենք։  

Այս ամենին հավելյալ՝ Հայաստանի համար դերակատար շահը Հյուսիս-Հարավ լոգիստիկան է, ոչ թե Արեւելք-Արեւմուտքը։ Ու սրա մասին «ՀՀ»-ն մեկ անգամ չէ, որ խոսել է։ Հիմա՝ կամ մնալու ենք կռացած, մեջքներս՝ կոր ու աշխարհաքաղաքական թատերաբեմում սրա-նրա շահին ծառայող գործիք, կամ մենք մեզ թափ ենք տալիս, ոտքի կանգնում ու ապացուցում, որ ծուռվիզ չենք եւ առաջնորդվելու ենք հայկական շահով։ Իսկ որ Հայաստանը կարող է դերակատար լինել Հնդկական օվկիանոս֊Պարսից ծոց֊Սեւ ծով լոգիստիկայում, հաստատ է եւ անգամ մեզ հղվել են միջազգային համապատասխան մեսիջները»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր