211652_close_icon
views-count1048 դիտում article-date 10:49 24-09-2021

Կարո՞ղ է Ռուսաստանը արևմտյան տիպի ժողովրդավարական լինել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կարո՞ղ է Ռուսաստանը կայսրություն չլինել: Ո՛չ, այդպիսով կվերանա այդ պետության գոյության իմաստը՝ Ռուսաստանը թեեւ թույլ եւ աղքատ, բայց կայսրություն է: Կարո՞ղ է Ռուսաստանն իրական դաշնային կառուցվածք ունենալ: Ո՛չ, դա կբերի կենտրոնախույս շարժումների եւ ապակայունացման. նահանգապետերը պետք է լինեն ցարի հավատարիմ ծառաները, որոնց նա երբեմն պարգեւատրում է, իսկ երբեմն՝ պատժում: Կարո՞ղ է Ռուսաստանը արեւմտյան տիպի ժողովրդավարական լինել, որտեղ խորհրդարանն ունի առանձին եւ ինքնուրույն դեր: Ո՛չ, Դուման պետք է լինի ցարի կցորդը եւ կատարի նրա կամքը:

Այդ ամենը հաշվի առնելով՝ առանձնապես իմաստ չեմ տեսնում մեկնաբանելու Պետական Դումայի վերջին ընտրությունները: Կարելի է այդ ընտրություններն ընդհանրապես չանցկացնել, Պուտինը կարող է ժամանակ առ ժամանակ նշանակել պատգամավորներին, որոնք կընդունեն իր ուզած օրենքները: Ընտրական «ընթացակարգերը» զուտ ձեւական բնույթ են կրում եւ կոչված են աշխարհին ինչ-որ բան ցույց տալ՝ ինձ համար մինչեւ վերջ հասկանալի չէ, թե ինչ: Ընտրություններից առաջ էլ պարզ էր, որ իշխանության կուսակցությունը ստանալու է սահմանադրական մեծամասնություն, որ երեք հայտնի «ընդդիմադիր» կուսակցությունները հանդես են գալու որպես «ֆոն», իսկ «Նոր մարդիկ» կուսակցությունն ամենեւին նոր չէ, որովհետեւ այն արտահայտում է նույն օլիգարխիայի եւ տեղական բյուրոկրատիայի շահերը: Մարդիկ եւ կուսակցությունները, որոնք փորձում են հակադրվել Պուտինին, չեն գրանցվում որպես թեկնածու եւ չեն մասնակցում ընտրություններին:

Սա ես գրում եմ զուտ որպես արձանագրում, եւ, կրկնեմ, չեմ փորձում գնահատական տալ՝ այս կամ այն ռեժիմն ունենալը, ի վերջո, Ռուսաստանի քաղաքացիների որոշելիքն է: Այդպիսին էր Ռուսաստանը 18,19, 20-րդ դարերում, այդպիսին է նաեւ հիմա, եւ ես վստահ չեմ, որ ինչ-որ բան փոխելն այդ երկրի համար բարիք է: Վկա՝ «տուրբուլենտ» 1990-ական թվականները»: 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր