211652_close_icon
views-count1294 դիտում article-date 15:25 24-09-2021

ԱԳ նախարարը Հորդանանի փոխվարչապետի հետ խոսել է հայ ռազմագերիների, Ադրբեջանի սադրանքների մասին

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ:

ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակը և կարևորել են 2020թ․ փետրվարին Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը։ Զրուցակիցները քննարկել են հայ-հորդանանյան բազմաոլորտ հարաբերությունների հետագա խորացմանը առնչվող հարցեր:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենիք վերադարձի խնդիրները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:

Նմանատիպ նյութեր