211652_close_icon
views-count1090 դիտում article-date 14:14 24-11-2022

Ադրբեջանի ՊԱԾ պետի տեղակալը խոսել է Հայաստանի «ռեւանշիստական ուժերի», սպառազինություններ գնելու եւ «սադրանքների» մասին

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջեյհուն Շադլինսկին Բաքվում ընթացող համաժողովում հարկ է համարել հատուկ ուշադրություն հատկացնել Հայաստանի «ռեւանշիստական ուժերին, սպառազինությունների գնումներին եւ «սադրանքներին»։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշենք, որ Շադլինսկու հայտարարություններն այն գծի շարունակությունն են, որը տվել են Ադրբեջանի իշխանությունները՝ վարկաբեկել ռուս խաղաղապահներին եւ «տեղեկատվական հող» նախապատրաստել Հայաստանի եւ Արցախի դեմ նոր ագրեսիայի համար։

«Հայաստանի ռեւանշիստական ուժերն ամբողջ ուժով փորձում են խանգարել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքին»,- ասել է ՊԱԾ պետի տեղակալը։

Ինչպես նշել է Շադլինսկին, «մտահոգում է այն փաստը, որ Հայաստանը միջոցներ է տրամադրում սպառազինությունների եւ բանակաշինության համար՝ գերազանցելով իր ֆինանսական հնարավորությունները, փորձում է գնել արդիական սպառազինություն եւ ռազմական տեխնիկա տարբեր երկրներից, բոլոր հնարավոր միջոցներով ձգտում է հետաձգել խաղաղության համաձայնագրի ստորագրումը»։ Նրա խոսքով՝ «հատուկ ուշադրության են արժանի Ադրբեջանի տարածքով, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը, ռազմական տեխնիկայի ուղարկման եւ այնտեղ տարբեր սադրիչ գործողություններ իրականացնելու պայմանների ստեղծման հարցերը»։

Նմանատիպ նյութեր