211652_close_icon
views-count2169 դիտում article-date 10:39 29-09-2021

Ասելով «ներքին թուրքեր»՝ պարտվում ենք արտաքին թուրքերին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Նախորդ հոդվածը ես ավարտեցի այն արձանագրումով, որ աֆղանական բանակը պարտվեց թալիբներին ամենեւին ոչ այն պատճառով, որ վատ էր զինված կամ փոքրաքանակ էր: Խորքային պատճառն այն է, որ, իմ կարծիքով, չկա միասնական «աֆղանական ինքնությունը», որ այդ երկրում կլանային, ազգակցական, ցեղային կապերն ավելի կարեւոր են, քան աֆղանցի կամ Աֆղանստանի քաղաքացի լինելը:

Հիմա դուք կասեք՝ այդ ո՞ւմ հետ եք մեզ՝ հայերիս, համեմատում: Մեր ազգային ինքնությունը ձեւավորվել է 5 հազարամյակ առաջ, մենք 1720 տարի առաջ ընդունեցինք քրիստոնեությունը, մենք հիմա գրում ենք մոտավորապես նույն ժամանակներում ստեղծված գրերով: Այո, դա այդպես է: Բայց ազգային ինքնությունն, իմ խորին համոզմամբ, այնպիսի մի բան չէ, որ մի անգամ ձեւավորվում է եւ հավերժորեն մնում: Դա ստեղծվելու, քայքայվելու, դարձյալ վերաստեղծվելու շարունակական գործընթաց է:

Ինձ թույլ կտամ պնդելու, որ այս պահին մեր ինքնությունը քայքայված է: Ապացույցը ամեն վայրկյան աչքներիս առաջ է: Երկու հայ, որոնք ինչ-որ մի հարցում (ասենք, իշխանության հանդեպ վերաբերմունքի) հակադիր հայացքներ ունեն, իրար մեջ չեն տեսնում հայրենակցի, որն իրենից տարբեր է մտածում. Նրանցից յուրաքանչյուրն իր ընդդիմախոսի մեջ տեսնում է թուրքի կամ, լավագույն դեպքում, թուրքական գործակալի: Ամեն օր, օրական մի 20 անգամ, տարբեր մարդկանց հասցեին, տարբեր հարթակներում, բայց նույն համոզվածությամբ, մեջբերվում են Գարեգին Նժդեհի խոսքերը «ներքին թուրքի» մասին: Այդ պարանոյայով մենք մերժում ենք մեկս մյուսի հայ լինելը, մերժում ենք, որ մենք միեւնույն ինքնության ներկայացուցիչներ ենք:

Իհարկե, այդ երեւույթը նոր չէ: Շատ լավ հիշում եմ, թե ինչպես 1988 թվականին «Ղարաբաղ» կոմիտեի հանրահավաքի ժամանակ, երբ հռետորներից մեկը բացասական համատեքստում հիշատակեց Գերագույն խորհրդի նախագահ Հրանտ Ոսկանյանին, հավաքվածների մեջից մի կին բղավեց՝ «Ոսկանյան մի՛ ասա, ասա Ոսկան-օղլու»: Բայց պետք է ընդունել, որ վերջին տասնամյակներում իրար մեջ հայ չտեսնելը ձեռք է բերել շատ ավելի տարածված եւ, կասեի անգամ, համակարգված բնույթ:

Հետեւաբար, պետությունը զարգացնելու, բանակը ուժեղացնելու, զենքեր գնելու եւ մնացածի հիմնական նախապայմանը հասարակական համերաշխությունը վերականգնելն է: Առաջին քայլը պետք է լինի այնպիսի հարթակներ ստեղծելը, որտեղ մարդիկ բացառեն իրար «թուրք», «դավաճան» եւ «հանցագործ» անվանելը: Այսօրվա իշխանությունը խոսում է խաղաղության մասին՝ նկատի ունենալով հարեւանների հետ խաղաղ համագոյակցելը: Բայց առնվազն երեք տարի այդ նույն մարդիկ ամեն ինչ անում են, որ Հայաստանի ներսում ներքին խաղաղություն չլինի:

․․․ Մերժման, ատելության, անեծքների հիման վրա կարելի է գալ իշխանության, կարելի է նաեւ որոշ ժամանակ պահել իշխանությունը: Բայց այդ զգացմունքների վրա հիմնվելով հնարավոր չէ պետություն կառուցել, հնարավոր չէ հաղթել»:

Մանրամասն՝ Թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր