211652_close_icon
views-count3606 դիտում article-date 10:02 30-09-2021

Հարկավոր է ուժ գտնել հնարավոր նոր կապիտուլյացիոն աղետին դիմագրավելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաշինյանի համար ամենահրատապ խնդիրը կասկածելի խաղաղություն հաստատելու ոչ պակաս կասկածելի օրակարգն է՝ անկախ նրանից, թե այն ինչ գին կունենա հայ ժողովրդի համար։ Ուստի իրավիճակն այնպես է դասավորվում, որ Հայաստանը կեղծ խաղաղասիրության միջոցով քայլ առ քայլ գնում է դեպի նոր, առավել խայտառակ կապիտուլ յացիայի։ Եվ այս պայմաններում հազիվ թե կարելի է պատահական համարել վերջին շրջանում ավելի պարբերական դարձած թուրք-ադրբեջանական ինտենսիվ զորավարժությունները։ Եթե հիշում եք, թուրք-ադրբեջանական նույնպիսի ինտենսիվ զորավարժություններ էին անցած տարի՝ հուլիսին տեղի ունեցած մարտերից հետո։ Իսկ թե դրանից հետո ինչ տեղի ունեցավ, բոլորս ականատես եղանք։

Նույնը կարող է լինել նաև հիմա՝ մանավանդ որ Թուրքիայից ու Ադրբեջանից ազդակներ են գալիս, որ իրենց համբերությունն անսպառ չէ։ Այսինքն, չպետք է բացառել, որ թշնամին կարող է նոր առաջխաղացում ունենալ, զորք մտցնել խորհրդային ժամանակներում իրենը համարված անկլավներ ու վերջապես Թուրքիայի ներգրավվածությամբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ։ Եթե այս իրադարձությունները տեղի ունենան, Փաշինյանն արդեն կարող է իրեն թույլ տալ ստորագրել մի նոր ստորացուցիչ փաստաթուղթ, որում կարող են տեղ գտնել հայության համար բացարձակ անընդունելի պայմաններ, ընդ որում՝ նաև նորերը։

Ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարության դեպքում, այս անգամ ևս Փաշինյանը կարող է այդ փաստաթղթի ստորագրումը ներկայացնել որպես «փրկություն»։ Ֆեյսբուքյան ուղիղ եթեր դուրս կգա ու կհայտարարի, թե այլ ելք չկար, դրանով հազարավոր կյանքեր է փրկել։ Այնպես որ, եթե այսպես շարունակվի, ապա, առանց չափազանցնելու, Հայաստանին առավել դժնդակ օրեր են սպասվում, քան հիմա է։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր