211652_close_icon
views-count1155 դիտում article-date 10:25 07-10-2021

Ինչո՞ւ նույն սառնասրտությունը չպիտի դրսևորենք Արցախի անկախությունը ճանաչելու հարցում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երկու օր առաջ պատմաբան եւ նախկին դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը հարցազրույց էր տվել «Առավոտին»:

Այնպես չէ, որ նրա բոլոր ասածները վերին ատյանի ճշմարտություններ են, եւ դրանք քննարկման կամ քննադատության առարկա չեն կարող լինեն: Հակառակը՝ ինքը, փորձագետն է ասում, որ իր առաջ քաշած գաղափարները կարիք ունեն ճշգրտման եւ շտկման:

Այդ հարցազրույցի ու հեղինակի այլ հրապարակումների հետ կապված՝ պետք է երկու կարեւոր քայլ կատարել: Նախ՝ դրանք լսել կամ կարդալ, ոչ թե՝ Լիպարիտյանի պատկերը տեսնելիս կամ վերնագիրը կարդալիս ասել՝ «դե պարզ է, բոլոր լեւոնականներն ասում են, որ պետք է Ղարաբաղը հանձնել եւ լավ ապրել»: Երկրորդ՝ լսել եւ կարդալ առանց  նախապաշարման կամ քարոզչական կլիշեների: Համաձայն եմ, որ դա շատ դժվար է համացանցային օգտատերերի 90 տոկոսի համար:

Նախ՝ օրինակ բերեմ մեկ այլ ոլորտից: Ինձ ասում են՝ ինչո՞ւ եք դուք հավատում, որ կորոնավիրուսից պատվաստվելը չի ապահովում վարակվելուց, բայց մի քանի անգամ նվազեցնում է վարակվելու կամ՝ վարակվելու դեպքում հիվանդության ծանր ընթացքի ռիսկը: Ես պատասխանում եմ, որ խնդիրն իմ հավատալ-չհավատալը չի: Խնդիրը չոր վիճակագրությունն է աշխարհի մասշտաբով եւ դրա վրա կառուցվող հավանականության մոդելները (մի ամբողջ գիտություն): Այո, այդ վիճակագրությունն ամփոփում է մոտ մեկ տարվա տվյալները: Տասը տարի հետո վիճակագրությունը կարող է փոխվել: Բայց այս պահի դրությամբ մենք չունենք տվյալներ, որոնք հակասում են այդ պնդմանը: Կարելի է մի քանի հուզական ճառեր արտասանել այս թեմայով՝ Բիլ Գեյթսով, չիփերով, հուդամասոններով, բայց դրանից փաստը չի փոխվի:

Ինչո՞ւ մենք նույն սառնասրտությունը չպիտի դրսեւորենք Արցախի անկախությունը ճանաչելու հարցում: Որովհետեւ դա մեր ազգային զգացմունքներին ավելի շա՞տ է կպնում: Այս 30 տարում եղե՞լ է մի պետություն, որը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Չի եղել՝ ամեն ինչ տեղի է ունեցել նահանգների, քաղաքների, երկրամասերի եւ այլ վարչատարածքային միավորների մակարդակով: Իսկ դրանք զուտ խորհրդանշական քայլեր էին՝ ճիշտ այնպես, ինչպես Փարիզի քաղաքապետի հայտարարությունները: Ի՞նչ է նշանակում ասել՝ «հեսա-հեսա,  արդեն քիչ մնաց, շուտով սա կամ նա կճանաչի»: Շատ պարզ՝ դա նշանակում է զբաղվել ինքնախաբեությամբ: Եթե դա ինչ-որ քարոզչություն է, որն ուղղված է ներքին լսարանին, դա դեռ ոչինչ: Բայց  եթե դա պետական գործիչների, դիվանագետների համոզմունքն է, դա արդեն խնդիր է:

Այս փոքր օրինակով ուզում եմ ցույց տալ, թե ինչ մեթոդաբանություն է առաջարկում Լիպարիտյանը Հայաստանի համար ամենացավոտ հարցերում: Զուտ տեխնիկապես այդ մեթոդաբանության մեջ որեւէ բարդ բան չկա՝ չզբաղվել ինքնախաբեությամբ, եւ վերջ: Հոգեբանական առումով, այո, դա դժվար է: Ցանկությունների (փափագների) մասին մտածելն ավելի հեշտ է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր