211652_close_icon
views-count2007 դիտում article-date 20:18 08-10-2021

44-օրյա պատերազմում անմահացած հերոսների զավակները մասնակցել են «Ուրախացնելով ուրախանանք» նախաձեռնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) «Ուրախացնելով ուրախանանք» հերթական նախաձեռնության մասնակիցները 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների երեխաներն էին:

Նախաձեռնությունը սկսվեց Հովհաննես Թումանյանի թանգարան այցելությամբ, որտեղ մասնակիցները ծանոթացան ամենայն հայոց բանաստեղծի կյանքին ու գործունեությանը։

Երեխաներից յուրաքանչյուրը հիշեց հեղինակի իր սիրելի ստեղծագործությունը: 10 տարեկան Վարդան Խաչատրյանի ամենասիրելի ստեղծագործությունը «Շունն ու Կատուն» է, իսկ 11 տարեկան Միլենա Ավետիսյանը, ով Լոռու մարզի Սպիտակ քաղաքից էր, շատ ոգևորված էր առաջին անգամ թանգարան այցելությամբ:

Մեզ հետ զրույցում փորձում էր համեմատություն անցկացնել Թումանյանի ծննդավայր Դսեղում գտնվող տուն-թանգարանի հետ։

Հեքիաթային ու բանաստեղծական տրամադրությամբ հաջորդ կանգառը ազգային ուտեստներին ծանոթացումն էր: «Սեդրակ Մամուլյան» խոհարարական ստուդիաայում երեխաներին դիմավորեց Սեդրակ Մամուլյանը։

Զրուցելով նրանց հետ խոհարարն առաջարկեց միասին պատրաստել ազգային թխվածքաբլիթ՝ ասելիք-վասելիք։

Պատրաստելու եղանակը նույն էր, բայց յուրաքանչյուրն իր պատկերացումներն էր փոխանցում խմորին: Մամուլյանի վարպետության դասից հետո կազմակերպվեցին տարատեսակ խաղեր, որի ընթացքում նաև երեխաներն իրենց բարեմաղթանքներն էին գրում և նվիրում միմյանց։ Նախաձեռնության համակարգող Սևան Քելեշյանը կարևորում է նմանատիպ միջոցառումները. «մարդկանց մոտ բարության և հոգատարության հոգեվիճակ է ձևավորվում, մեկմեկու օգնելու, աջակցելու, ուրախացնելու:

Մեր նախաձեռնությունները շարունակական են՝ երեխաներ, տարեցներ, երիտասարդներ, տարբեր թիրախային խմբեր են ներառվում ծրագրերում: Այս անգամ մեր փոքրիկներն են եղել ուշադրության կենտրոնում:

Պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր այն կառույցներին, որոնք անշահախնդիր աջակցում են մեր նախաձեռնությանը»: Երեխաների համար տոնը ստացված էր. հագեցած ու զվարճալի օր ունեցան, ինչպես նաև ձեռքբերեցին նոր ընկերներ:

Երիտասարդական ակումբների դաշնությունը խրախուսում է այսօրինակ նախաձեռնությունները և բաց հարթակ է բոլորի համար:
www.fyca.net
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր