211652_close_icon
views-count1652 դիտում article-date 09:53 09-10-2021

Ո՞ր դեպքում են ավելի շատ ստում՝ պատերազմի ընթացքո՞ւմ, թե՞ պատերազմից հետո․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Վերջերս շատ է բարձրացվում այն հարցը, թե պատերազմն արդյո՞ք անխուսափելի էր, մի՞թե հնարավոր չէր այն կանխել։ Այս հարցադրումը լուրջ վերլուծության առարկա կարող է դառնալ պատերազմի պատճառների քննության և հետագայում պատմությունից դասեր քաղելու տեսանկյունից։ Գաղտնիք չէ, որ ողջ բանակցային գործընթացի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններում, որպես կանոն, ընդգծում էին ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, որը համաձայնեցվել էր նաև հակամարտող կողմերի միջև։

Մեկ այլ հարց էլ վերաբերում է նրան, թե արդյոք հայկական կողմը անհրաժեշտ պատրաստություն տեսե՞լ էր՝ կանխատեսելով մոտալուտ պատերազմը, թե՞ ամեն ինչ, ինչպես միշտ, ինքնահոսի էր մատնել։ Պատերազմի օրերին Փաշինյանը հայտարարում էր, թե իրենք գիտեին, որ պատերազմ է սկսվելու, ուղղակի միայն տեղն ու ժամը չգիտեին։ Իսկ արդեն վերջերս, պատասխանելով պատգամավորներից մեկի՝ պատերազմի սկսվելու վերաբերյալ հարցին, Փաշինյանը նշել էր, թե ՀՀ համապատասխան ինստիտուտները իրենց զեկույցներում մինչև 2020 թ.-ի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական։ Այստեղ է, որ հարց է առաջ գալիս՝ հիմա ո՞ր դեպքում է ավելի շատ Փաշինյանը ստում՝ պատերազմի ընթացքո՞ւմ, թե՞ պատերազմից հետո, նայած՝ ինչպես է իրեն ձեռնտու։

Ի դեպ, պատերազմի սկսվելու վտանգի մասով նույնիսկ համապատասխան ծավալուն զեկույցների կարիքը չկար։ Եթե հաշվի ենք առնում անցած տարվա սեպտեմբերին ստեղծված միջազգային մթնոլորտը և հնչող հայտարարությունների տրամաբանությունը, ապա անգամ հասարակ քաղաքացիների համար էր պարզ, որ շատ շուտով պատերազմը պայթելու է՝ մանավանդ որ զորավարժությունների արդյունքում թուրք-ադրբեջանական ուժերը համապատասխան պատրաստության էին բերվել։ Թվում է, թե Փաշինյանը պատերազմից հետո իր կողմից արված հայտարարություններով փորձում է կրկին մեղքը գցել համապատասխան ինստիտուտների վրա»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր