211652_close_icon
views-count1679 դիտում article-date 13:43 21-10-2021

Հաագայի դատական պրոցեսը Արցախի հարցում միջազգային ճիշտ ընկալումների ձևավորման մասին է. Եղիշե Կիրակոսյան

Հաագայի միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի բավարարումը էապես կնպաստի Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի փաստարկների ամրապնդմանը և Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա) Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ խոսելով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի ընթացքի մասին:

Հայաստանի կառավարության ներկայացուցիչը շեշտեց՝ Արցախյան հիմնախնդրի տեսանկյունից կարևոր է ոչ միայն լոկ միջազգային դատարանի որոշումը, այլև ինքնին պրոցեսը, քանի որ այն նպաստելու է միջազգային ճիշտ ընկալումների ձևավորմանը:

«Ընդհանրապես, դատական պրոցեսի ընթացքում մենք ներկայացնում ենք հիմնավոր, միջազգային իրավունքի տեսանկյունից պատճառաբանված փաստարկներ: Մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումը, որը չի կարող չվերաբերել Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Վերաբերում է ուղղակիորեն: Մենք ներկայացնում ենք հայկական կողմի ընկալումները և դիրքորոշումները հիմնավոր և մասնագիտական կերպով և դա անում ենք միջազգային իրավունքի լեզվով, ինչը շատ կարևոր է: Եվ դրա հիման վրա, կարծում եմ, ձևավորվելու է միջազգային աջակցությունը այս ուղղությամբ: Դրա համար այս գործի կարևորությունը ոչ միայն լոկ դատարանի որոշումն է, այլև ինքնին պրոցեսը: Երբ մենք սկիզբ ենք տալիս այդ գործընթացին, այդ ընթացքում հրապարակային ելույթներ են լինում, բանավոր լսումներ են լինում, մենք պարզ ներկայացնում ենք մեր փաստարկները, և դա տեսնում են բոլորը: Հետևաբար, կարծում եմ՝ սա նաև կարծիք ձևավորող պրոցես է: Այս պրոցեսը հիմնախնդրի միջազգային ընկալումները ճիշտ ձևակերպելու մասին է: Այս տեսանկյունից, կարծում եմ, շատ կարևոր պրոցես է», - ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Հայաստանի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ հոկտեմբերի 19-ին գործի լսումները ավարտվել են: Երկու շաբաթվա ընթացքում երկու լսում է տեղի ունեցել, որոնցից մեկը՝ Հայաստանի ներկայացրած խնդրանքի հիման վրա, մյուսը՝ Ադրբեջանի ներկայացրած հրատապ միջոց կիրառելու խնդրանքի հիման վրա:

Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ երկու լսումների ընթացքում էլ Հայաստանի փաստաբանական թիմը բավական զորեղ ու համոզիչ փաստարկներ ու ապացույցներ է ներկայացրել, ինչպես նաև շատ համոզիչ կերպով պաշտպանել է հայկական շահերը Ադրբեջանի միջնորդության ժամանակ՝ հակափաստարկներ բերելով ադրբեջանական կողմի դատարկ և անհիմն պահանջներին:

«Արմենպրես»-ի զրուցակիցը շեշտեց, որ Ադրբեջանի դեմ դատական գործի ընթացքը ինքնին կարևոր է, քանի որ դրանով որոշակի արդյունքներ արդեն արձանագրվել են, մասնավորապես այն, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի պահանջով հեռացրել են հայ զինվորների մանեկենները և սաղավարտները Բաքվի տխրահռչակ «ռազմական ավարի պուրակից»:

«Կարծում եմ՝ դա առաջին մեծ հաջողությունն է, քանի որ ադրբեջանական կողմը մանեկենների և սաղավարտների հեռացման ապացույցը ներկայացրեց դատարանին լսումներից ընդամենը երկու-երեք օր առաջ, ինչը ցույց է տալիս, որ այս լսումները ինքնին արդեն արդյունք ունենում են», - մեկնաբանեց Եղիշե Կիրակոսյանը:

Ներկայացուցչի խոսքով՝ Արդարադատության միջազգային դատարանը իր որոշումը տվյալ գործով հրապարակելու է մոտ մեկ կամ մեկուկես ամսից. «Եթե որոշումով ստանանք այն, ինչ ուզում ենք, դա կլինի ավելի համոզիչ, և դա մեծ ճնշում է ավելացնելու Ադրբեջանի վրա: Արդեն ավելացրել է, և եթե որոշումը լինի, այդ ճնշումը բազմապատկվելու է»:

Իսկ ավելի կոնկրետ Հայաստանը պահանջ է ներկայացրել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի հայատյաց խոսքը և հայատյացության քաղաքականությունը, որն իրականացվում է ամենաբարձր մակարդակով՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Հայկական կողմը նաև պահանջում է պարտավորեցնել Ադրբեջանին վերադարձնելու Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց և փակել «ռազմավարի պուրակը»: Միայն մանեկենները և սաղավարտները հանելը Հայաստանը համարում է ոչ բավարար:

Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ ի սկզբանե այդ պուրակը բացվել էր հենց հայատյաց գաղափարախոսության հիման վրա՝ ատելության խոսք քարոզելու նպատակով: Այդ իսկ պատճառով հայկական կողմը պահանջում է, որ պուրակը փակվի ամբողջությամբ:

Հայաստանը նաև պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի Ադրբեջանին ձեռնպահ մնալ հայկական մշակութային արժեքների ոչնչացումից, դրանք փոփոխելուց, ինչպես նաև՝ ապացույցներ ներկայացնի տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ:

Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ սրանք են Հայաստանի ներկայացրած հիմնական պահանջները:

Հայաստանի կառավարության ներկայացուցիչը պարզաբանեց, որ խոսքն առայժմ դատարանի որոշման, ոչ թե դատավճռի կայացման մասին է, քանի որ գործը դեռ նոր է սկսվում: Ամեն դեպքում, Հաագայի դատարանի որոշումը իրավական պարտադիր ուժ է ունենալու, և եթե դատարանը բավարարի հայկական կողմի հայցը՝ Ադրբեջանը պարտավորվելու է կատարել բոլոր պահանջները:

«Գործը դեռ նոր է սկսվում, և մենք ուղղակի հրատապ միջոց ենք պահանջել, որպեսզի գործի քննության ընթացքում ապահովագրենք այն շահերը, որոնց համար մենք հայց ենք ներկայացրել: Եվ այո, դա պարտադիր է լինելու: Դատարանի որոշման պարտադիր լինելը մենք տեսնում ենք այն առաջին դրական արդյունքներով, որոնց մասին խոսեցի: Իհարկե, այնտեղ մեխանիզմ գոյություն ունի որոշումների կատարումը վերահսկելու և հետևելու Անվտանգության խորհրդի մակարդակով: Դրան էլ գործը հասնի՝ լավ է, բայց կարծում եմ՝ առանց դրա էլ արդեն մենք որոշակի արդյունքներ գրանցում ենք», - պարզաբանեց Հաագայի դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը:

Հայաստանը սեպտեմբերի 16-ին հայց էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջան Հանրապետությանը մեղադրելով Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան խախտելու մեջ:

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները սկսվեցին հոկտեմբերի 14-ին:

Հայցվոր կողմը պնդում է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը հայերին ռասսայական խտրականության է ենթարկել, և որ հայատյացության այդ պետական քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ չարաշահումների: Հայկական կողմը շեշտել է, որ այդ խախտումներն ուղղված են հայկական ծագում ունեցող անձանց դեմ՝ անկախ նրանց փաստացի քաղաքացիությունից: Այդ գործելակերպը, ըստ ներկայացված հայցի, ևս մեկ անգամ ցայտուն կերպով դրսևորվել է 2020 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի հրահրած զինված հակամարտության ժամանակ, որի ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել հիշյալ կոնվենցիայի կոպիտ խախտումներ:

Ելնելով այդ ամենից՝ Հայաստանը կոչ է արել դատարանին «որպես ծայրահեղ անհրաժեշտություն» միջանկյալ միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության և հայերի իրավունքները:

 

Նմանատիպ նյութեր