«STARMUS VI»-ը աշխարհի տարբեր երկրներից կհամախմբի 60-ից ավելի գիտնականների, ինժեներներների և արվեստագետների
Հայաստանում հաջորդ տարվա սեպտեմբերին կայանալիք «STARMUS VI» միջազգային փառատոնը կհամախմբի 60-ից ավելի գիտնականների, ինժեներների, արվեստագետների աշխարհի տարբեր երկրներից: Գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները միավորող փառատոնի մասնակիցների ցանկում լինելու են նոբելյան մրցանակակիրներ, ամերիկահայ տիեզերագնաց-օդաչու, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը, «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելը և այլք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն, անվանի գիտնական Գարիկ Իսրայելյանը: «STARMUS VI» միջազգային փառատոնի թեման է «50 տարի Մարսի վրա»: Փառատոնը նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին:
«Հավատում եմ, որ մոտակա 10-20 տարիներին ամենաշատ խոսվող թեման լինելու է Մարսը: Թեման ամենևին չի ենթադրում, թե փառատոնն ամբողջությամբ նվիրված է լինելու աստղագիտությանը: Այս ուղղությունն ընդհանուր քննարկումների շարքում 20 տոկոս է կազմելու, մնացած հատվածում անդրադարձ է լինելու բիոտեխնոլոգիաներին, ֆիզիկային, բարձր տեխնոլոգիաներին և այլն»,-ասաց Գարիկ Իսրայելյանը:
Անվանի գիտնականը նկատեց, որ այսօր մեծ անջրպետ կա հասարակության և գիտության միջև: Տարիների ընթացքում գիտությունը թռիչքային զարգանում է, ճյուղավորվում է ու դրան զուգընթաց այդ անջրպետը մեծանում է: Խնդիր է դրված գիտությունը մոտեցնել հասարակությանը, այն ավելի հասանելի դարձնել ու ներգրավել երիտասարդների: Ահա այդ խնդրի լուծման ճանապարհին իր ուրույն դերն ունի «STARMUS» միջազգային փառատոնը, որի հիմնական նպատակն է կապ ստեղծել հասարակության ու գիտության միջև: Գարիկ Իսրայելյանը հպարտությամբ է ընդգծում այն հանգամանքը, որ «STARMUS» -ը երկու անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն գիտական փառատոնը և դա՝ մեծ մրցակցության պայմաններում:
Կարևորելով «STARMUS VI» միջազգային փառատոնի անցկացումը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ հազարավոր մասնակիցներ գալու են Հայաստան՝ մասնակցելու գիտության, ավեստի, երաժշտության այս մեծ տոնին:
«Սա մեր երիտասարդներին քաջալերելու լավագույն ձևն է, որպեսզի հասկանան, որ իրենց, իրենց ընտանիքի, երկրի ապագան կապված է լինելու նոր տեխնոլոգիաների, գաղափարների, գիտության հետ: Մեր երկիրն ունի ամենամեծ հարստությունը՝ տաղանդավոր մարդիկ, որոնց պետք է աջակցել, օգնել, որպեսզի զարգանան: Այդ գործում լավագույն ձևը երիտասարդ սերնդին կրթելը, քաջալերելը, ներկայացնելն է»,-ասաց ՀՀ նախագահը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ հետպատերազմյան ու համավարակի պայմաններում Հայաստանում «STARMUS»-ի անցկացումը մեծ նշանակություն ունի: Այս ընթացքում մեր հասարակությունը բարձրացնում է անվտանգությանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Նախարարի համոզմամբ, անվտանգության լավագույն երաշխիքը հենց զարգացած գիտություն, կրթություն, մշակույթ ունենալն է, և այդ դաշտում առաջատար լինելն է:
«Փառատոնի շրջանակում նախատեսված է շատ հետաքրքիր ծրագիր, որը հասանելի կլինի բոլորին՝ դպրոցականներ, ուսանողներ, ցանկացած մարդու, որը ուզում է մասնակցել: Ասեմ, որ կա նաև գաղափար, որ Հայաստան գան ոչ միայն նոբելյան մրցանակակիրները, ճանաչված արտիստները, այլև նշանավոր մարզիկներ»,-ասաց նախարարը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ընդգծեց, որ Գարիկ Իսրայելյանի քայլը ոգեշնչող ու լավագույն օրինակն է բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են գործել Հայաստանում:
«Դրսում աշխատող մեր գործընկերը, կարևորելով Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն, իր անձնական նախաձեռնութամբ եկել է Հայաստան, ղեկավարության հետ համաձայնություն ձեռքբերել ու այժմ իրականացվում է այս ծրագիրը: Ոչ ոք չի ասել՝ Գա՛րիկ, գնա արա այդ գործը, նա դա արել է իր նախաձեռնությամբ: Ես կարծում եմ, որ Գարիկ Իսրայելյանը երբևէ Հայաստանից չի էլ հեռացել, նա պարզապես Կանարյան կղզիներում աշխատում է: Ես այդպես եմ ընկալում իրեն, ինքը լավագույն օրինակն է: Այսօր Հայաստանում գործ անելու դաշտը բաց է: Մենք, որպես կառավարություն, ցանկացած համագործակցության, համատեղ ծրագրերի համար բաց ենք»,-եզրափակեց նախարարը:
«STARMUS» փառատոնը սկիզբ է առել Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում և 2011 թվականից համախմբում է գիտության ոլորտի միջազգային հեղինակությունների՝ Նոբելյան դափնեկիրների, արվեստի և երաժշտության համաշխարհային հանրահայտ դեմքերի: Հայաստանում այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո: