211652_close_icon
views-count1316 դիտում article-date 13:18 29-10-2021

ՄԻՊ աջակցությամբ Դատալեքսից հեռացվել են քրեական գործով տուժող ճանաչված երեխայի անձնական տվյալները

Փաստաբանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությանն իր անչափահաս վստահորդի անձնական տվյալները «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից հեռացնելուն աջակցելու հարցով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա նշել է, որ երեխան տուժող է ճանաչված սեքսուալ բնույթի բռնի գործողության հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, սակայն խնդրահարույց է, որ երեխայի անձնական տվյալները համակարգում հրապարակային են, ինչի հետևանքով հնարավոր է նույնականացնել երեխային:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից կապ են հաստատել դատավորի օգնականի, ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցչի, ՀՀ դատական իշխանության համակարգչային ծառայության պետ հետ։ Վերջինս հայտնել է, որ հնարավոր է դատական գործի որևէ կողմի դիմումի հիման վրա «Դատալեքսում» մուտքագրված անձնական տվյալները դարձնել գաղտնի:

Փաստաբանին փոխանցվել է համապատասխան ինֆորմացիան, ավելի ուշ Պաշտպանի աշխատակազմին փաստաբանը տեղեկացրել է, որ երեխայի տվյալները փակվել են։

Այդ թեմային ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ՝ նշելով, որ արդիական խնդիր է անձնական տվյալների պաշտպանության օրենսդրական ոչ լիարժեք կարգավորումները դատական ակտերի հրապարակման շրջանակում:

Խնդիրն այն է, որ չնայած առկա օրենսդրական պահանջի, որով սահմանել է դատական իշխանության պաշտոնական կայքում անձնական տվյալների ապանձնավորման հնարավորություն, այնուամենայնիվ, գործնականում դրա լիարժեք իրականացումն ապահովող գործուն կառուցակարգեր ներդրված չեն:

Նմանատիպ նյութեր