211652_close_icon
views-count48056 դիտում article-date 20:40 31-10-2021

Ողբերգական դեպք Երևանում. 29-ամյա վարորդը Subaru-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել մեկ այլ ավտոմեքենայի. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 12:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 29-ամյա Հրաչյա Հայրապետյանը իր վարած Subaru մակնիշի ավտոմեքենայով, Ռոստովյան 9/2 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Բլեք Գոլդ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի եզրաքարին, որից հետո վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, հետիոտն, 58-ամյա Հրաչիկ Հովսեփյանին, այնուհետև բախվել Երևանի բնակիչ, 51-ամյա Վարդան Ալեքսանյանի կողմից կայանված Mitsubishi մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին առաջ ընթանալով, բախվել է առջևում կայանված, Երևանի բնակիչ, 25-ամյա Վահագն Խանպապյանի կողմից կայանված ԳԱԶ-330202 մակնիշի բեռնատարին:
 
Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված Հ. Հովսեփյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:
 
Վրաերթ-վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի և ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, երբ Ժ. Մարգարյանը ավարտել էր դեպքի վայրի զննությունը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Էրեբունու բաժին, որ վրաերթի ենթարկվածը՝ գիտակցության չգալով, մահացել է:
 
Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+

Նմանատիպ նյութեր