211652_close_icon
views-count1970 դիտում article-date 18:41 03-11-2021

Ադրբեջանի սադրիչ վարքագիծն իր ազդեցությունն է ունենում տարածաշրջանի երկրների վրա. ՀՀ արտգործնախարար

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ծանր հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, ինչպես նաև նոր մարտահրավերներ առաջ բերեց տարածաշրջանային անվտանգության և կայունության համատեքստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Nouvelles d'Arménie» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Թեև նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությամբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից վերոնշյալ հայտարարությամբ ստանձնած որոշ հանձնառությունների չկատարմամբ, մասնավորապես՝ որոշ դրույթների աղավաղմամբ, ռազմագերիների և քաղաքացիական անձանց շարունակվող պատանդառությամբ, ինչպես նաև ռազմատենչ ու ծավալապաշտական հռետորաբանությամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումներով և ուժի կիրառման նոր սպառնալիքով:

Ադրբեջանական կողմի սադրիչ վարքագիծն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների վրա, ինչին մենք առերեսվեցինք, օրինակ, տարանցիկ փոխադրումների նկատմամբ իրականացվող անթույլատրելի քայլերով»,- ասել է Միրզոյանը՝ ափսոսանք հայտնելով, որ երրորդ երկրների կողմից այս վարքագծի, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանության խրախուսումը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանի կայունության համար։

ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է իր ջանքերը տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու ուղղությամբ։ «Մեր երկրի  կառավարության ծրագրում հստակ արձանագրված է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ ներդրում ունենալու պատրաստակամությունը: Վստահ եմ, որ մյուս երկրների կողմից  համապատասխան քաղաքական կամքի դրսևորման և կառուցողական քայլերի իրականացման պարագայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ վերոնշյալ օրակարգի շուրջ ակտիվ քննարկումներ սկսելու համար»,- ասել է նա։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԼՂ խնդրի կարգավորման խաղաղ գործընթացը վերսկսվել է, Միրզոյանը նշել , որ չնայած Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության պնդումներին, որ Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ինչպես նաև բազմաթիվ այլ պետություններ կիսում են հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և պետք է ստանա համապարփակ կարգավորում՝ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով:

«Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման դիրքերից։ Այս առումով կարևոր ենք համարում Նյու Յորքում կայացած հանդիպումները, որոնք, առաջին հերթին, հնարավորություն են ստեղծում քննարկելու և լուծում փնտրելու հրատապ հումանիտար հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում են բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձմանը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանմանը, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը: 

Այս առաջնային հումանիտար խնդիրների լուծումը անհրաժեշտ պայմաններ  կստեղծի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ լուծմանն ուղղված սուբստանտիվ քննարկումներ սկսելու համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների ու տարրերի, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- ասել է Միրզոյանը։ 

Նա փաստել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան՝ հանդիսանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամներ, մշտապես իրենց կարևոր դերակատարությունն են ունեցել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։

«44-օրյա ագրեսիայի ընթացքում համանախագահ երկրները ջանքեր են գործադրել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ, ինչի արդյունքում հոկտեմբերի 10-ին՝ Ռուսաստանի, հոկտեմբերի 17-ին՝ Ֆրանսիայի և հոկտեմբերի 25-ին՝ ԱՄՆ միջնորդությամբ հակամարտության գոտում հրադադար է հաստատվել, որը, սակայն, խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։ 

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները, ինչպես նաև՝ համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարություններով, որոնք վերաբերում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորմանը, տեղում ստեղծված մի շարք հումանիտար խնդիրների հասցեագրմանը։ Այս համատեքստում հիշեցնեմ 2020թ․ դեկտեմբերի 3-ի և 2021թ․ ապրիլի 13-ի համանախագահների համատեղ հայտարարությունները, որտեղ հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների վերսկսման համար՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։ 

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միասնական ու հետևողական ջանքերը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, այնպես էլ՝ ձևաչափից դուրս, ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը։ Կարևորում եմ բարձրագույն մակարդակով համանախագահ երկրների հետագա միջնորդական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտություն կարգավորմանը»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարարը:

Նմանատիպ նյութեր