211652_close_icon
views-count1162 դիտում article-date 23:00 18-11-2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։


Հանդիպման ընթացքում ներկայացվել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը։

Քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների ապահովմանը, խտրական դրսևորումների վերացմանը, գնահատված կարիքին համարժեք՝ հասցեական ծառայությունների մատուցմանն առնչվող մի շարք հարցեր։ Այս համատեքստում կարևորվել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների փաթեթի ընդունումն ու դրա կիրառումն ապահովող մեխանիզմների ուղղությամբ աշխատանքները։


Կարևորելով Միացյալ նահանգների հետ համագործակցությունն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում համատեղ ջանքերի ներդրումը։

«Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում մեր հիմնական աշխատանքներն ընթանում են երեք ուղղություններով՝ իրավական դաշտի բարելավում, հանրային իրազեկում և վերապատրաստումների, ինչպես նաև սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում՝ թիրախային խմբերի շրջանում։ Կարևորում ենք նաև օրենսդրական բարեփոխումների, թրաֆիքինգի ենթարկված անձանց սոցիալական աջակցության և սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրումը»,- նշել է նախարարը։

Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրման համար՝ նշելով որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս համագործակցել առավել արդյունավետ․

«Մենք կարևորում ենք նաև ստվերային բիզնեսում աշխատող անձանց իրավունքների ոտնահարման, երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարում արդյունավետ միջոցառումների շարունակական իրականացումը։ Լիահույս ենք, որ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հետ համագործակցությունը ևս դրական արդյունք կունենա և կնպաստի երևույթի դեմ առավել արդյունավետ պայքարին»։

Նմանատիպ նյութեր