211652_close_icon
views-count4349 դիտում article-date 10:31 20-11-2021

«Մեր ազգին բոլորը քցեցին, ռուսն էլ ուխտադրուժ դուրս եկավ»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մեր արտաքին քաղաքական ձախողումները, որոնք ես համարում եմ նաեւ պատերազմում պարտության հիմնական պատճառներից մեկը, պայմանավորված են նրանով, որ 1998-ից հետո այդ քաղաքականությունն առաջնորդվում է «ժողովրդի», հասարակական մեծամասնության մտածելակերպով:

Իհարկե, ժողովրդահաճո լինելու բացարձակ «չեմպիոնը» ներկայիս իշխանությունն է: Իմ կարծիքով, ամբողջ խնդիրն այն է, որ կարեւոր, նուրբ եւ գիտելիքներ պահանջող հարցերում իշխանությունը ՉՊԻՏԻ կողմնորոշվի բնակչության մեծամասնության կարծիքով: Սա խանութ չէ, որտեղ «հաճախորդը միշտ ճիշտ է», եւ կարիք կա ապրանքատեսակը հարմարեցնել սպառողների ճաշակին: Արտաքին քաղաքականության մեջ հոխորտալը, ծափահարություններ կորզելը, հրճվանքի արժանանալն առաջնահերթ խնդիր չէ:

Մեծամասնությունը, զանգվածը, բնականաբար, առաջնորդվում է հույզերով. «Ինչ էլ լինի, ռուսը մեզ կփրկի»: Երբ չի փրկում՝ «վայ, էս ինչ անիրավ աշխարհ է, էլի մեր ազգին բոլորը քցեցին, ռուսն էլ ուխտադրուժ դուրս եկավ»: Այդ մտածողության հայելանման արտապատկերն է որոշ քաղաքական ուժերի եւ նրանց փոքրաթիվ համակիրների համոզմունքը, որը կարելի է ձեւակերպել Օստապ Իբրահիմովիչի խրոխտ կոչով՝ «Գոտեպնդվեք, Արեւմուտքը մեզ կօգնի»: Այս՝ երկրորդ բեւեռը կարծիք ունի (ինձ թվում է, սխալ), որ, ասենք, Միացյալ Նահանգները կամ Եվրոպան նույնքան հետաքրքրված են, շահագրգռված են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներով, որքան Ռուսաստանը:

Դառնալով այդ երկրին: Ինչպես ցանկացած այլ պետություն՝ Ռուսաստանը ղեկավարվում է իր, բացարձակապես ի՛ր շահերով, որոնք, իմ տպավորությամբ, այս պահին միայն 20 տոկոսով են համընկնում մեր շահերի հետ եւ 80 տոկոսով համապատասխանում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին: Թե ինչու է այդպես, երկար խոսակցություն է, բայց, կարծում եմ, այստեղ մեր մեղքն էլ կա: Սակայն մյուս կողմից՝ թույլ տվեք հիշեցնել. ադրբեջանցիները հանգիստ, առանց կրակոցների մտնում են մեր դիրքերը եւ առանց որեւէ դիմադրության այնտեղից հեռացնում են մեր զինվորներին: Խնդրում եմ ինձ բացատրել՝ ո՞րն է այստեղ Ռուսաստանի մեղքը: Այո, ինչ-որ պայմանագրերով Ռուսաստանը մեր առջեւ պարտավորություններ ունի: Բայց նախ՝ արդյո՞ք մենք 20-21-րդ դարերում չենք համոզվել, որ բոլոր տեսակի պայմանագրերը որոշ դեպքերում կարող են թղթի կտոր լինել: Երկրորդ՝ արդյո՞ք այդ պայմանագրերը նախատեսված են վերը շարադրված դեպքերի համար:

Առաջարկում եմ բոլոր ընթերցողներին ինձ հետ միասին մտածել՝ ինչո՞ւ Ռուսաստանը 90-ականներին մեզ օգնում էր, իսկ հիմա, ըստ էության, չի օգնում: Որպես հուշում մեջբերեմ ամերիկացի նշանավոր բանաստեղծ Էդգար Ալան Պոյի միտքը. «Ոչ մի փոխադրամիջոց համընթաց չի լինի, եթե չգիտես, թե որ ուղղությամբ ես գնում»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր