211652_close_icon
views-count1063 դիտում article-date 10:52 23-11-2021

Արատավոր երևույթն ու դրանում ներգրավվածին պարսավանքի ենթարկելու հանրային մեխանիզմ չունենք. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Հանրային հոգեբանության մեխանիզմն այնպիսին է, որ քաղաքացին բակային զրույցում նզովում է Նիկոլ Փաշինյանին և շտապում է տուն՝ մասնակցելու ծննդյան արարողությանը, որի պատվավոր հյուրը փաշինյանական իշխանության որոշումները դակող պատգամավորը կամ դատավորն է։

Մեկ այլ քաղաքացի հայհոյում է հողը թուրքին հանձնողին, բայց շքամուտքում հարգալից բարևում է թուրքի դեմ բողոքի ակցիա անողին դաժանաբար բերման ենթարկող իր հարևան ոստիկանին։

Մեկ ուրիշը սոցցանցում անհասցե գրառմամբ քննադատում է իշխանությանը, բայց հարմար առիթ է փնտրում որևէ ուսապարկի գլխահակ բարևելու ու պետական որևէ տենդերից իր փայը ստանալու համար։

Այս և բազմաթիվ այլ օրինակներ վկայում են այն մասին, որ մենք՝ որպես հասարակություն, չունենք արատավոր երևույթներն ու դրանցում այս կամ այն չափով ներգրավվածներին մերժելու, պարսավանքի ենթարկելու հանրային մեխանիզմներ։ Մենք ստեղծում ենք կատարվողի հետ չհամակերպվելու հանրային իմիտացիա, բայց հանդուրժում ենք կատարվողի մեջ իրենց պատասխանատվությունն ունեցող մեր ազգականին, բարեկամին, հարևանին։

Այսինքն՝ գլոբալ առումով Հայաստանում կատարվողը մարդու խնդիր է, որովհետև Հայաստանն այս իրավիճակին հասցրած քայլերը կատարվել ու կատարվում են մարդկանց կողմից, մարդկանց միջոցով, բայց այդ մարդիկ չեն արժանանում այն վերաբերմունքին, որպիսին կլիներ ցանկացած նորմալ, բարոյական իմպերատիվներ ունեցող հանրության արձագանքը։ Իսկ դա նշանակում է, որ քանի դեռ հասարակությունն իր կողքին հանդուրժում է հազարավոր այդ մարդկանց, նրանք շարունակելու են կատարել հող հանձնելու, դրա դեմ պայքարողին ասֆալտին հանձնելու, դիվանագիտորեն հողի հանձնումը ձևակերպելու, դրանք Ազգային ժողովում դակելու և բազմաթիվ նման այլ հրահանգներ՝ աշխատանքից հետո պատվավոր տեղ զբաղեցնելով իրենց ազգականի կամ հարևանի խնջույքի սեղանին ու հոտընկայս խմելով հայրենիքի կենացը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր