211652_close_icon
views-count5592 դիտում article-date 09:43 27-11-2021

Արթիկի նախկին քաղաքապետը համայնքային բյուջեից միլիոններ է փոխանցել աներորդու ընկերությանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթիկ խոշորացվող համայնքից չեն դադարում քաղաքացիների ահազանգերը և ներկա ու նախկին պաշտոնյաների կատարածների մասին զարմացնող, ապշեցնող երբեմն նաև զայրանող նորությունները:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ համայնքի ղեկավարի համար ակտիվ պայքարի մեջ է մտել նախկին քաղաքապետ, բոլորովին վերջերս Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քարտուղար աշխատած Արսեն Աբրահամյանը: Վերջինս ավելի շատ հայտնի է արթիկցիների շրջանում որպես ժամանակին սոցապի պետ աշխատած մարդ, իսկ ինչպես կատակեց մեզ հետ զրուցող արթիկցիներից մեկը՝ «էն լավ վախտերն է եղել, օր սաղ սոցապի պետերը միլիոնատեր կդառնային» : Ինչևիցե, ըստ արթիկցիների՝ Աբրահամյանը հասցրել է սոցապ ծառայության պետ եղած ժամանակ սեփականաշնորհել Արթիկի քաղաքապետարանի վարչականի շենքի մի հատվածը, ապա երբ քաղաապետ է ընտրվել, ինչ-ինչ ուղիներով այդ տարածքը վարձակալությամբ է տվել քաղաքապետարանին:

Աբրահամյանի մասին արթիկցիների հուշերն այսքանով չեն սահմանափակվում. տեղացիները պատմում են, որ քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքի խղճուկ բյուջեից որոշեց իրեն ծառայողական մեքենա գնել։ Իրականում, ըստ խոսակցությունների, իր փողերով ու եղբորորդու` Ալեքսանի անվան տակ գնում է մեքենան, հետո նորից համայնքապետարանի կողմից այն գնելու համար մեծ գումար փոխանցում: Ի դեպ, մեզ ասացին, որ եղբորորդին ընդգրկված է նրա նախընտրական ցուցակում:

Ավելի զարմանալի է Արսեն Աբրահամյանի հարազատ եղբոր` Անուշավանի հետ կապված պատմությունը. մեզ փոխանցեցին, որ եղել է քաղաքային տնտեսության տնօրենը ու 5 տարի աշխատավարձ է ստացել, սակայն մեր աղբյուրները և արթիկցիների շրջանում կատարված հարցուփորձը ցույց է տալիս, որ միաժամանակ զբաղեցրել է այլ պաշտոն, «սաղ օրն ավտոկայան էր» ու, ամենայն հավանականությամբ, ըստ տեղացի աղբյուրների, աշխատանքի չի հաճախել ու գումար է ստացել գրանցված աշխատավայրից։

Ավելին` իրականում հոր փոխարեն այդ աշխատանքներն արել է այդ ժամանակ ավագանու անդամ հանդիսացած նրա որդին, ինչը ևս խոսում է մեղմ ասած շատ ռիսկային թեմաների մասին: Ամենավերջում հետաքրքիր իրավիճակ ներկայացրին՝ նաև կապված Աբրահամյանի աներորդու` Արման Ճգնավորյանի հետ։ Պարզվում է` ժամանակին քաղաքապետի փեսան իր աներձագի ընկերությանը փոխանցել է միլիոնավոր դրամներ ինչ-ինչ գնումներ կատարելու համար:

Այս ամենից զատ, իրականում շատ տխուր էր Արթիկ քաղաքի փողոցների, գծանշումների ու մարդկանց` ապագայի հանդեպ վստահության մասով ունեցած մեր տպավորությունները. փոքր մի քաղաք, որտեղ 30 տարի, կարծես թե, ոչինչ չէր արվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր