211652_close_icon
views-count87850 դիտում article-date 10:52 27-11-2021

Խոշոր ավտովթար՝ Աբովյան քաղաքում. Mercedes-ը տապալել է գազախողովակի սյունը, այնուհետև մետաղե ջարդոնի վերածել կայանված Նիվան ու «06»-ը և վնաս պատճառել թունաքիմիկատների խանութին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում 25-ամյա Արշակ Ղուկասյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտա-Երևանյան փողոց-Արզնի խճուղի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, տապալել այն, ապա բախվել կայանված վիճակում գտնվող 24-ամյա Սարգիս Խաչատրյանին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի և 22-ամյա Սլավիկ Հարությունյանին պատկանող ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը քաղաքացիների և վթարի վայրում գործող թունաքիմիկատների խանութի աշխատակիցների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Նիվայի գազաբալոնը պոկվել և շպրտվել է, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել, սակայն խանութի աշխատակիցներին հաջողվել է օպերատիվորեն  նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։ 

Նյութական խոշոր չափի վնաս է կրել նաև թունաքիմիկատների խանութը։ 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրդշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը։

Փաստի առթիվ Ա. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Կոտայքի մարզի ԳԳՄ ծառայողները, ովքեր տեղում արդեն աշխատանքներ են կատարում՝ վթարը վերականգնելու ուղղությամբ։

Բարեբախտաբար, գազի արտահոսք տեղի չի ունեցել։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր