211652_close_icon
views-count78138 դիտում article-date 19:20 28-11-2021

Քեզ բացակա չենք դնի. 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած 27-ամյա հերոս Ռաֆո. Մասիս քաղաքում քո անվամբ խաչքարն ու հուշաղբյուրը մեր համար դառնալու է սրբատեղի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած,
Գալիս են նրանք ճիշտ ժամանակին:

 
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բակում հավաքված քաղաքացիները պարբերաբար մեջբերում էին մեծն Սևակի այս խոսքերը ու ասում, որ այն կարելի է վերագրել նաև Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, 27-ամյա Ռաֆիկ Սարոյի Սիմոնյանին:
 
Այսօր նշված շենքի բակում տեղի ունեցավ Ռ. Սիմոնյանի, ում ավելի շատ ճանաչում էին որպես Ռաֆո, հիշատակին նվիրված խաչքար-հուշաղբյուրի բացման արարողություն:
 
Մինչ սպիտակ սավանը հերոսի հարազատները կիջեցնեին խաչքարի վրայից, Մասիս քաղաքի Սբ. Թադևոս եկեղեցու քահանա Տեր Եզնիկի կողմից հնչեց Տերունական աղոթք, ապա նա իր խոսքն ուղղեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված ու լեգենդ դարձած բոլոր հերոսներին, հերոսածին մայրերին, այնուհետև նրա ձեռամբ տեղի ունեցավ օծումը:
 
Դրանից հետո հերոս Ռաֆոյի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, Արցախյան երեք պատերազմներին մասնակցություն ունեցած քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին:
 
Միջոցառմանը ներկա էին Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուներ Դավիթ Համբարձումյանն ու Սայեն Հայրապետյանը, ովքեր նույնպես ծաղիկներ խոնարհեցին:
 
Հայաստանի օրհներգի ներքո տեղում բարձրացվեց նաև Եռագույնը:
 
Կենդանի կատարմամբ հնչեցին երգեր:
 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ներկաներն ասում էին. «Մենք Ռաֆոյին ու նրա նման բոլոր լեգենդ դարձած հերոսներին բացակա չենք դնի: Ռաֆոն մեր թաղում համարվում էր խաղաղության աղավնի: Եթե մի տեղ նա կար, ապա էդտեղ երբեք մարդկանց միջև անախորժություններ չէին լինում: Նա ու նրա նման բոլոր տղերքը Հայաստանի ու Արցախի համար զոհաբերեցին Աստծո կողմից պարգևած, իրենց համար ամենաթանկը՝ կյանքը: Ու հիմա այս բակում այս վայրը բոլորիս համար դառալու է մի նոր Եռաբլուր, մի նոր սրբատեղի: Ու ամեն անգամ ծաղիկներ խոնարհելով, ի լուր աշխարհի ասելու ենք. Ռաֆ ջան, դու, քո նման տղերքը էս պատերազմում կրել եք: Դու, որ որպես կամավորական մեկնեցիր Արցախ աշխարհը պաշտպանելու, հաղթող ես եղել»:
 
Ռաֆիկ Սարոյի Սիմոնյան
 
Ծնվել է 28.11.1994թ.Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սպանդարյան գյուղում։
2000թ. ընտանիքը տեղափոխվել է Մասիս քաղաք։
6 տարեկանից պարապել է կարատե, իսկ հետագայում՝ բռնցքամարտ, ունեցել է բազմաթիվ նվաճումներ և հաղթանակներ:
Ռաֆիկը 2011-2012թթ սովորել է Երեվանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում՝ ունենալով մեծ հաղթանակներ:
2012թ. ընդունվել է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի հայկական Պետական Ինստիտուտ՝ Բռնցքամարտի ֆակուլտետ:
2012-2014թթ. ծառայել է հայկական բանակում, որից հետո շարունակել է զբաղվել բռնցքամարտով:
2020թ. սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի հաջորդ օրը, Ռաֆիկ Սիմոնյանը հարազատներից ծածուկ, որպես կամավոր մեկնել է Սիսիան՝ հրետանային դիվիզիոն:
Հոկտեմբերի 7-ին կամավոր մեկնել է Արցախ, եղել են Կարմիր շուկայի տարածքում, այնուհետև հրետանային մարտկոցի կազմով մասնակցել է Ֆիզուլիի, Հադրութի, Մարտունու պաշտպանական մարտերին:
Նոյեմբերի 7-ին հերոսի մահով ընկել է Ննգի գյուղում՝ հրետանային արկի պայթյունից:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 305+
305+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր