211652_close_icon
views-count1863 դիտում article-date 10:35 04-12-2021

Ինչպես է «նժդեհականը» դառնում «հակաթալանչի»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Նախորդ դարի ֆրանսիացի սոցիոլոգ Մորիս Դյուվերժեն առանձնացնում էր կուսակցությունների միջեւ պայքարի 3 տեսակ` կոնֆլիկտ առանց սկզբունքների, կոնֆլիկտ երկրորդական սկզբունքների շուրջ եւ կոնֆլիկտ հիմնարար սկզբունքների շուրջ:

Որպես առաջինի օրինակ` նա բերում էր ԱՄՆ Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունները, որոնց միջեւ ոչ մի լուրջ հայեցակարգային տարբերություններ չկան: Երկրորդ օրինակն են Հյուսիսային Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրները, որտեղ կուսակցությունները վիճում են բազմաթիվ հարցերի շուրջ, բայց կարեւոր, հիմնարար հարցերում համաձայն են: Եվ, վերջապես, որպես երրորդ տարբերակ Դյուվերժեն նշում է իր երկիրը եւ Իտալիան, որտեղ 1950-70-ական թվականներին ձախ, այդ թվում՝ կոմունիստական կուսակցությունները եւ ազատական ուժերն ունեին չափազանց լուրջ եւ անհաղթահարելի հակասություններ:

Օգտվելով այդ դասակարգումից` տեսնենք, թե մեզ մոտ ո՞ր տարբերակն է: Առաջին հայացքից թվում է, թե դեպքը մի քիչ նման է ԱՄՆ-ին, որովհետեւ հիմնական, առավել եւս՝ խորհրդարանական ուժերի մեջ ոչ մի գաղափարական տարբերություններ չկան: Բայց էական տարբերությունն այն է, որ ԱՄՆ երկու «իշխող» կուսակցությունների ներկայացուցիչները չեն ցանկանում իրար ոչնչացնել, դատել, բանտ նստեցնել: Գուցե հոգու խորքում նրանք նման ցանկություն ունեն, պարզապես Միացյալ Նահանգներում նման հնարավորություն չկա:

Իսկ եթե լուրջ, ապա որո՞նք են ՀՀԿ-ի եւ ՔՊ-ի հակասությունները: Դառնանք գաղափարախոսությանը. նախորդ իշխող կուսակցությունն ասում է, որ իր գաղափարախոսությունն է նժդեհականությունն ու տարոնականությունը, իսկ ներկա իշխողը պնդում է, որ դեմ է «իզմ»-երին։ Բայց, դատելով ՔՊ-ի կարգախոսներից, հիմնական առանցքը կոռուպցիայի եւ թալանի դեմ պայքարն է (թե ինչպես է դա իրականացվում, այստեղ չքննարկենք): Ընդունենք, որ ՔՊ գաղափարախոսությունը «հակաթալանչիությունն» է: 

Բայց այստեղ մենք դեմ ենք առնում մի շատ հետաքրքիր իրողության, որը դրսեւորվում է ՏԻՄ ընտրություների ժամանակ: Հայտնի է, որ ՔՊ «ակտիվի» («տասովշիկների») եւ ավագանու թեկնածուների զգալի մասը նախկին ՀՀԿ-ականներ են: Հետեւաբար, ստացվում է, որ «նժդեհականը», որին 2018 թվականին անվանում էին «թալանչի», դարձել է «հակաթալանչի»: Խնդիրը շատ պարզ է. այդ մարդկանց համար միեւնույն է, թե ինչպես է կոչվում իշխող կուսակցությունը եւ ինչ սկզբունքների մասին է այն հայտարարում, նրանց բացարձակապես չի հուզում, թե ինչ է մեր երկրում տեղի ունեցել վերջին երեք տարիների ընթացքում: Միակ բանը, որը նրանց հետաքրքրում է, սեփական բիզնեսն է ու պաշտոնական դիրքը՝ կարեւոր չէ, թե ինչ ցուցանակի տակ է դա իրականացվելու:

Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ եւ ՔՊ կուսակցություններ, որպես այդպիսիք, գոյություն չունեն: Եվ այդ պայմաններում մարզերում անցկացնել կուսակցական ընտրություններ, մեղմ ասած, վաղաժամ է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր