211652_close_icon
views-count1778 դիտում article-date 22:37 10-12-2021

Ուրախ կլինենք բուժանձնակազմի, ուսանողների փորձի և գիտելիքի փոխանակում իրականացնել հատկապես առողջապահության կառավարման ոլորտում. Նունե Սարգսյանը այցելել է Համադ հիվանդանոց

Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, Կատարում այցելել է Համադ հիվանդանոց:

Հիվանդանոցի գործադիր տնօրեն Աբդուլահ Ալ Անսարին տիկին Նունե Սարգսյանին Ներկայացրել է բժշկական հաստատության գործունեությունը: Նա նշել է, որ Համադ բժշկական կորպորացիան՝ HMC-ն, կառավարում է 14 հիվանդանոց, որոնք, համատեղելով նորարարական հետազոտությունները, բարձրակարգ կրթությունը և գերազանց կլինիկական խնամքը, մատուցում են որակյալ և ժամանակակից բժշկական ծառայություններ:

Հիվանդանոցի ղեկավարությունը, նշելով, որ Համադ հիվանդանոցում աշխատում են նաև հայեր, հատկապես բարձր է գնահատել Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, լորդ Արա Դարզիի ներդրումը Կատարի առողջապահական համակարգում, և մասնավորապես Համադ հիվանդանոցի զարգացման մեջ:

Հիվանդանոցի ղեկավարության հետ զրույցում տիկին Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանն ու Կատարը, լինելով փոքր երկրներ, ձգտում են հաջողության: «Մենք ցանկանում ենք հաջողակ լինել բժշկության, տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում, -ասել է տիկին Նունե Սարգսյանը: -Ցանկանում ենք դառնալ աշխարհի փոքր, բայց հաջողակ երկրներից, ինչպիսին Կատարն է: Ուրախ կլինենք բուժանձնակազմի, ուսանողների, ինչպես նաև փորձի և գիտելիքի փոխանակում իրականացնել հատկապես առողջապահության կառավարման ոլորտում»:

Այցի ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան այցելության և փոխգործակցության ուղղությունների հստակեցման վերաբերյալ: 

Նմանատիպ նյութեր