211652_close_icon
views-count2038 դիտում article-date 10:08 17-12-2021

ԱՄՆ-ում պտտահողմից կործանված քաղաքներում մարդիկ չեն կորցնում հույսը․ «Ամերիկայի ձայն»

Ավերածություն, մահ և հուսահատություն. Սրանք են այն տեսարանները, որոնց հանդիպել է նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը Քենթաքի նահանգ կատարած այցի ընթացքում, նահանգ, որտեղ մահաբեր պտտահողմին զոհ է գնացել մի քանի տասնյակ մարդ, հարյուր այլոք համարվում են անհետ կորած: Բացի Քենթաքիից, պտտահողմի թիրախում են հայտնվել նաեւ ութ այլ նահանգներ: Մինչ այժմ գրանցված զոհերի թիվը հասել է 90-ի: Հազարավոր այլոք մնացել են անօթևան: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Փոքրիկ Բոուլինգ Գրին քաղաքի փողոցներից մեկում 14 զոհերից յոթը երեխաներ են: Տեղական լուրերի համաձայն, այդ փողոցում մի ընտանիք կորցրել է իր մանկահասակ չորս երեխաներին։ Նրանց հարևանները կորցրել են երեք երեխա:

Նախագահ Բայդենի հրահանգով լրացուցիչ օգնություն է տրամադրվել ի հավելումն դաշնային կառավարության կողմից հատկացված օժանդակության: «Ավերածությունների ծավալն ու մասշտաբը անհավատալի մեծ է»,- հայտարարել է նախագահ Բայդենը ու խոստացել, որ կարվի հնարավոր ամեն ինչ, եւ այնքան ժամանակ, որպեսզի վերականգնվեն ու վերակառուցվեն կործանված քաղաքները:

Կարեւորագույն խնդիրներից մեկն այժմ հասկանալն է, թե ինչն է այս բնական աղետի ծայրահեղ ծանր լինելու պատճառը:

Ինչպես Հյուսիսային Իլինոյսի համալսարանի օդերևութաբանության պրոֆեսոր Վիկտոր Ջենսինին է ասում, մարդու վարքագիծն է գլխավոր պատճառներից մեկը:

«Մենք կարծում ենք, որ դրանք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ, երբ Թեքսասի և Օքլահոմայի հարավային հարթավայրերը դառնում են ավելի չորային ու վերածվում անապատային լանդշաֆտի: Դա եղանակային ծայրահեղ սպառնալիքները մղում է դեպի ավելի հյուսիս և արևելք: Մեյֆիլդի նման բնակավայրերին նման պտտահողմերի հարվածները կարող են դառնալ ավելի մեծաթիվ զոհերի պատճառ»,- ասում է նա:

Կառավարությունը, նրա խոսքերով պիտի այժմ մտածի շինարարության պահանջներն ավելի խստացնելու մասին:

«Այս կառույցներից շատերը նման են օդապարուկների: Այնպես որ, շինարարական ընկերություններն այսուհետ պիտի պատասխանատու լինեն այն կառույցների համար, որոնք չունեն պատսպարվելու համար ապահով կացարաններ»,- ասում է պրոֆեսորը: Դրանց բացակայության պատճառով են, ըստ նրա, գրանցվում մարդկային նման թվով մահացության դեպքեր:

Ջո Բայդենը հիշեցնում է, որ Կոնգրեսի կողմից հաստատված իր վերջին նախաձեռնություններից մեկը վերաբերում էր հենց երկրի ենթակառուցվածքները բարելավելուն:

Իսկ ինչ վերաբերում է ներկա պահին, ապա գլխավորը չհուսահատվելն է եւ դժվարությունները հաղթահարելու ուժ գտնելը: Ինչպես Քենթաքիի դեմոկրատ նահանգապետ Էնդի Բեշիրն է ասում. «Քենթաքցիները հույսը չկտրող մարդիկ են, եւ նրանք պատրաստ են միասնաբար կառուցել ոչ միայն այս քաղաքները, այլեւ՝ իրենց ապագան»:

Նմանատիպ նյութեր