211652_close_icon
views-count3775 դիտում article-date 23:57 19-12-2021

Տպավորություն է, որ տղերքը զոհվել են բացառապես իրենց ընտանիքի համար. Գեղամ Նազարյան

«Վերջին մի քանի օրերին տարբեր բնակավայրերում այցելել եմ մեր հերոս տղերքի շիրիմներին, նրանց նվիրված հուշարձաններին, հուշաղբյուրներին եւ շատ եմ տխրել։ Ընդ որում, մեղմ եմ ձեւակերպում, երբ ասում եմ՝ շատ եմ տխրել»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմում:

«Տպավորություն է, որ տղերքը զոհվել են բացառապես իրենց ընտանիքի համար։ Տպավորություն է, որ հանրությունը դեռ չի հասկացել ու չի էլ ուզում հասկանալ, թե նրանք ինչ եւ ում համար են արել։

Տղերքի շիրիմներին այցելում են բացառապես ընտանիքի անդամները եւ ամենամոտ ընկերները։

Գյուղը, համայնքը չի գիտակցում, թե ում շիրիմներն են իրենց մոտ, իրենց համայնքի տարածքում։

Բացառությամբ մի երկու օրինակների, երբ համայնքապետը կամ մեկ այլ մարդ է նախաձեռնել ու կազմակերպել հուշակոթողների եւ հուշաղբյուրների կառուցումը, մյուս դեպքերում ծնողներն են նախաձեռնել եւ իրենց միջոցներով հուշարձան ու հուշաղբյուր կառուցել եւ որեւէ մեկը չի բռնել ծնողի ձեռքը եւ ասել՝ կանգ առ, այսուհետ նա միայն քո զավակը չէ...

Տղերքին միայն քեֆի ժամանակ կենացի տեսքով չէ որ պիտի հարգեք ու սիրեք։ Մենք, որ չենք էլ հասկանում հերոսն ինչ է, ինչ արժեք է, մեկ էլ կնեղսրտենք, թե ինչու ամեն ինչ այնպես չէ ու ամեն ինչ գլխիվայր է շրջվել մեր երկրում։ Նեղվում եք, որ բանակցում են, նեղվում եք, որ բանակցողն իքսն է եւ ոչ իգրեկը։ Փորձենք հասկանանք մենք ով ենք, ինչ արժեհամակարգի տեր, ինչ բարոյահոգեբանական որակներ ունեցող ու նոր սկսենք պահանջներ ձեւակերպել։

Շատ մտածեցի գրել, չգրել ու... Մի նեղվեք, պատրաստվեք Ամանորին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր