211652_close_icon
views-count14721 դիտում article-date 10:18 22-12-2021

Զգուշացեք ֆեյսբուքյան խարդախներից. Օգտատերը Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանվածներին և բազմազավակ ընտանիքներին իբրև օգնություն տրամադրելու անվան տակ գումարներ է խարդախությամբ վերցնում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննական բաժանմունքում խարդախություն հատկանիշով նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նյութերը նախապատրաստվում են Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Գագիկ Հ.-ի դիմումի փաստով:

Վերջինս դիմել է ոստիկանության Վարդենիսի բաժին և հայտնել, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը կապ է հաստատել իր հետ, գրելով, որ Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանվածներին  և բազմազավակ ընտանիքներին տրամադրում են օգնություն՝ մինչև  50 կգ ծանրոցներ, տալով իբրև առաքիչ՝ ոմն անձի բջջային հեռախոսահամարը:

 Գագիկ Հ.-ն կապ է հաստատել  նշված հեռախոսահամարով և հայտնել, որ ունի 5 անչափահաս երեխա և այդ անձը Գագիկ Հ.-ին հայտնել է, որ փաթեթների տեղափոխման համար պետք  նշված բջջային հեռախոսահամարին փոխանցի յուրաքանչյուր փաթեթի համար  7600 դրամ գումար:

 Դեկտեմբերի 10 –ին և 11-ին ինքը  «Տել Սել» կապի միջոցով նշված բջջային հեռախոսահամարին փոխանցել է ընդհանուր 38 300 դրամ՝ պայմանավորվելով, որ փաթեթները կառաքվի մինչև դեկտեմբերի 17-ը, սակայն մինչ օրս որևէ առաքում չի կատարվել և նշված բջջային հեռախոսահամարը չի պատասխանում իր զանգերին:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ֆեյսբուքյան օգտատերը Արարատի մարզի բնակիչ Աշոտ Ա.-ն է: Ոստիկաններն էլ ունեն կասկածներ, որ  հնարավոր է, այլ քաղաքացիներ նույնպես տուժած լինեն Աշոտ Ա.-ի կողմից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր