211652_close_icon
views-count3161 դիտում article-date 10:34 10-01-2022

Ղազախստանում անկայունության գոտի ձևավորելուն միտված ծրագրերի հետևում ծայրահեղական խմբավորումներ են, գործընթացին ակտիվ մասնակցություն են ունենում պանթուրքիստական ռադիկալ շրջանակները. Արցախի նախագահ

Վերջին օրերին ուշադրությամբ հետևում եմ Ղազախստանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք մտահոգիչ և վտանգավոր են ոչ միայն Ղազախստանի, այլ նաև հարևան երկրների ու հարակից տարածաշրջանների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ացախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ակնհայտ է, որ իրավիճակն ապակայունացնելուն, Ղազախստանում և նրա շուրջը ահաբեկչության ու անկայունության գոտի ձևավորելուն միտված ծրագրերի հետևում կանգնած են ծայրահեղական խմբավորումներ ու կազմավորումներ:

Վերոգրյալի համատեքստում ակներև է նաև, որ գործընթացին ակտիվ մասնակցություն են ունենում պանթուրքիստական ռադիկալ շրջանակները:

Ստեղծված իրավիճակին հանգեցրած զարգացումները փաստում են, որ ահագնացող վտանգի կանխման և նորանոր աղետներից խուսափելու առավել գործուն և արդյունավետ մեխանիզմը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի մուտքն էր Ղազախստան, ինչը և տեղի ունեցավ Ղազախստանի Հանրապետության իշխանությունների համապատասխան դիմումի համաձայն:

ՀԱՊԿ հավաքական ուժերի և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միանգամայն պատեհաժամ միջամտության շնորհիվ Ղազախստանի պատկան մարմինները հետամուտ են կազմակերպված հանցավորության դեմ պայքարին և դրա չեզոքացմանը:

Այդպիսով՝ հնարավոր դարձավ կանխել Կենտրոնական Ասիայում և հարակից տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացումը, ինչը հաստատապես լուրջ սպառնալիք կլիներ նաև Արցախի ու Հայաստանի անվտանգության համար:

Ոչ վաղ անցյալում` 2020 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում մենք անհատապես ականատես եղանք ծայրահեղականության և ահաբեկչության ամենադաժան դրսևորումների:

Միջազգային հանրության մի շարք անդամների կողմից լրջագույն ջանքերի գործադրման պայմաններում, և, մասնավորապես, ՌԴ վճռական ներդրման ու ռուսական խաղաղապահ առաքելության դերակատարության շնորհիվ հնարավոր դարձավ կանգնեցնել պատերազմը, նվազեցնել լարվածությունն ու կայունութուն հաստատել մեր տարածաշրջանում:

Ղազախստանի և մի շարք այլ երկրների օրինակը ևս մեկ անգամ ցույց տվեց միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերի շուրջ, մասնավորապես` ծայրահեղական կազմակերպություններից ու խմբավորումներից բխող ահաբեկչության սպառնալիքի դեմ համակարգված մոտեցումների մշակման ու գործնական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Եվ ընդհանրապես` նորագույն ժամանակաշրջանի անվտանգային, տնտեսական, էկոլոգիական և բազմաթիվ այլ մարտահրավերները վերահաստատում են, որ ինտեգրացիոն գործընթացների խթանումը, համագործակցության նոր մակարդակի հաստատումը և տարբեր միութենական կառույցների ձևավորումը դարձել են հրամայական և առավել կենսունակ միջոց՝ նվազագույնի հասցնելու տարատեսակ սպառնալիքները և պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու դրանց դեմ»,- գրել է Հարությունյանը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր