211652_close_icon
views-count12910 դիտում article-date 23:59 27-01-2022

Հայոց բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է. Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը նվիրված հայկական ԶՈւ կազմավորման 30 - ամյակին

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի հարգարժան սպանե՛ր,

Շնորհավորում եմ հայկական Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, մաղթում՝ անխռով ծառայություն և հաղթական փառքով պսակված ուղի: Լիահույս եմ, որ այսուհետև միայն հաղթանակներ կկերտենք։

Հայկական բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է, մեր հպարտությունն է, մեր գոյատևման գրավականը, մեր հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ մեր հավատի ու լավատեսության երաշխիքը։ Այն մեր պապերից, մեր հայրերից ստացած պատմական ժառանգություն է, որին պետք է սրբորեն վերաբերվենք։

Մենք պետք է գիտակցենք, որ մեր տունը, մեր օջախը ոչ թե այն տանիքն է, որտեղ մենք ապրում ենք, այլ առաջին հերթին մեր հայրենիքն է, մեր բանակն է։

Մենք պարտավոր ենք սիրել ու պաշտել մեր հայրենիքը։

Անցած 3 տասնամյակի ընթացքում մեր բանակն անցել է բազում դժվարությունների միջով, հաղթահարել ծանր փորձություններ, դիմագրավել լրջագույն մարտահրավերների և այժմ էլ, թեկուզ վիրավոր, բայց շարունակում է պատվախնդրորեն կատարել իր առջև դրված խնդիրները։

Թե՛ արցախյան վերջին պատերազմում, թե՛ դրանից հետո կանոնավոր բանակի կողքին այսօր կարևոր դերակատարում ունեն նաև կամավորական ջոկատները։

Նոր իրողություններով պայմանավորված` նրանք հաճախ ստիպված են մարտական հերթապահություն իրականացնել իրենց բնակավայրերի մատույցներում, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դարձան սահմանամերձ, իսկ թշնամին մխրճվեց մեր հայրենիքի տարբեր հատվածներ և դեռ չի էլ պատրաստվում հեռանալ։

Ցավալի իրողություն է, բայց սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությունն այսուհետ արդեն անհրաժեշտություն է, օրվա հրամայական։

Պետք է արձանագրել, որ վերջին պատերազմի հետևանքները հաղթահարելու համար ժամանակ է պետք։

Սակայն ժամանակը չի կարող որևէ բան փոխել, եթե միասնաբար չպայքարեք։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հունվարի 28-ը մեր ցավի ու հերոսական մաքառումի, մեր պատվի ու արժանապատվության օրն է։ Այն նաև հիշատակի օր է։ Նրանց հիշատակի, ովքեր արցախյան պատերազմներում հավատարիմ մնացին զինվորական երդմանն ու անձնվիրաբար մարտնչեցին Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության համար` հավատալով մեր հաղթանակին։

Նրանք իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին` չդավաճանելով իրենց հերոսական առաքելությանը և դարձան ազգային հպարտության խորհրդանիշ և փարոս սերունդների համար։

Պատերազմը չի ավարտվել։ Մեր հիմնական գոյամարտն առջևում է։

Մենք պետք է ազնիվ գտնվենք և սթափ գնահատենք իրավիճակը, ուղիղ նայենք մեզ սպառնացող վտանգներին և ապավինենք բացառապես մեր ուժերին, ինչն ամենևին չի նշանակում, որ մեր դաշնակիցների հետ չպետք է գործակցենք, հակառակը` պետք է մեր անձնական և դիվանագիտական կապերն օգտագործենք դրանք ավելի ամրապնդելու և մեզ համար առավել շահեկան հունով տանելու ուղղությամբ։

Մենք պետք է արդիականացնենք մեր սպառազինությունը, պետք է կրթվենք, տնտեսապես հզորանանք, որ թշնամին չհամարձակվի մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսել։

Մեր երկրի ու պետության համար այս վճռորոշ փուլում պետք է առավել միասնական ու միաբան լինենք, անկախ մեր հավակնություններից մենք պարտավոր ենք մեկտեղել Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցների ներուժը, որ կարողանանք մեր հայրենիքի համար մի նոր վերածնունդ ապահովել, հզոր ու մարտունակ բանակ կառուցել։
Միայն այդ դեպքում մեր հաղթանակն այլընտրանք չի ունենա, միայն այս դեպքում մեզ կհաջողվի ջախջախել թշնամուն նույնիսկ անհավասար կռվում։ Մենք պետք է պատրաստ լինենք պայքարելու այնքան ժամանալ, քանի դեռ դրա կարիքը կա։
Համոզված եմ, որ մեր արժանավոր սպաների, ազգասեր հայորդիների շնորհիվ կհաղթահարենք բոլոր անհարթություններն ու անորոշությունները։

Մենք դեռ խոսելու ենք ոմանց համար անհնարին թվացող մեր հաղթանակների, մեր պատմական հայրենիքի, Շուշիի ու Հադրութի վերադարձի մասին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՀ Զինված ուժերի սպայական կազմին, բանակաշինության ակունքներում կանգնած մեր հայրենակիցներին, հրամանատարներին, զինվորներին ու ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին, ամբողջ հայ ազգին, անկոտրում կամք և վճռականություն, ոգու ամրություն և համազգային միասնություն բոլորիս` ի փառս Հայաստանի և Արցախ աշխարհի:

Շնորհավո՛ր տոնդ Հայոց բանակ, հայ սպա։

Շնորհակալ ենք Ձեզ, հերոսածին հայ մայրեր։

Փա՛ռք Հայոց բանակին, նրա մարտիկներին։

Հավերժ հիշատակ և խոնարհում մեր ընկած եղբայրներին ու նրանց ընտանիքներին:

Նմանատիպ նյութեր