211652_close_icon
views-count1696 դիտում article-date 21:38 07-02-2022

Արցախում հայկական մշակութային ժառանգությունը փրկելու համար ՀԿ–ները ՀՀ կառավարությանը կոչ են անում դիմել ՄԱԿ

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ։ ՀԿ-ները պահանջներ են ներկայացրել ՀՀ վարչապետին և կառավարությանը, մասնավորապես՝ ՀՀ ԱԳ նախարարությանը, ԿԳՄՍ նախարարությանը։

Հայտարարությունում նշված է․

«Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ Ակնհայտ է, որ այս գործողությունն ուղղված է Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության վերացմանը, որի արդյունքում նաև հարցականի տակ է դրվելու արցախահայության սեփական հողի վրա ապրելու պահանջների, նրանց իրավունքների պաշտպանության հիմքը։

Այս համատեքստում հատկանշական է հիշեցնել, որ Ադրբեջանի իշխանությունները 2005 թվականին ոչնչացրել են Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն՝ իր հազարավոր արժեքավոր խաչքարերով։ Դրանք տեղահանվել ու ջարդվել են շինարարական տեխնիկայի օգնությամբ և օգտագործվել որպես շինանյութ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածել են զինավարժարանի։ Այդպիսով Ադրբեջանի իշխանություններն ապացուցել են, որ ընդունակ և հետևողական են հայկական պատմական հետքերի ոչնչացմամբ իրականացնել էթնիկ զտման իրենց քաղաքականությունը:

ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պահանջել է Ադրբեջանից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների: Ադրբեջանն իր ներկայիս գործողություններով ոտնահարում է տվյալ որոշումը և ապացուցում իր վճռականությունը ավարտին հասցնելու սկսած գործը:

Ցավալիորեն, Ադրբեջանի նախագահ Ալիևի պարբերական դարձած հայատյաց կոչերը ու անթաքույց էթնիկ զտման ու մշակութային ցեղասպանության քաղաքականությանը պատշաճ և համարժեք արձագանք չեն ստանում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։ Վերջինիս դիրքորոշումները հաճախ չեն համապատասխանում Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության, Հայաստանի և Արցախի բնակչության մարդու իրավունքների ոտնահարումներին առնչվող օրհասական իրավիճակի մարտահրավերներին։

Պահանջում ենք ՀՀ վարչապետից և կառավարությունից (մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն), 

Անհապաղ
1. Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը միտված գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանին՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով կիրառված միջանկյալ միջոցի չկատարման/խախտման վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ միջոցների կիրառում պահանջելու և նախատեսվող հանցագործությունները ու հայկական մշակութային ժառանգության անդառնալի կորուստը կանխելու նպատակով:


2. դիմել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին (այդ թվում՝ գործելով որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդի անդամ) և Մշակութային հարցերով հատուկ զեկուցողին՝ կազմակերպելու այցելություն Արցախ և դիտարկելու ու փաստագրելու հայկական հուշարձանների առկա վիճակը:


1.      Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

2.      Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

3.      Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

4.      Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

5.      «Խաղաղության երկխոսություն» ՀԿ

6.      Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

7.      Երևանի մամուլի ակումբ

8.      «Համայնքային համախմբման և աջակցութան կենտրոն» ՀԿ

9.      «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

10.  «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբ

11.  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

12.  Ստեղծագործ Եվրոպա հարթակ մշակութային ՀԿ

13.  Ինֆորմացիայի ազատության կենտրոն

14.  «Փինք» իրավապաշտպան ՀԿ

15.  Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան

16.  Գորիսի մամուլի ակումբ

17.  «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ

18.  Իրազեկ քաղաքացիների միավորում

19.  Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

20.  Հանրային լրագրության ակումբ

21.  Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

22.  Կանանց իրավունքների տուն

23.  Սոսի Թաթիկյան, միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ

24.  Էդուարդ Աբրահամյան, պ.գ.թ., Բրիտանական Լեսթերի համալսարանի դասախոս և դոկտորանտ

25.  Բենիամին Պողոսյան, Քաղաքական եվ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոն»։

Նմանատիպ նյութեր