211652_close_icon
views-count1663 դիտում article-date 10:41 09-02-2022

Ի՞նչ անել՝ որևէ մեկին պետք լինելու համար․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Բելառուսի նախագահի կոպիտ, անտակտ արտահայտությունները Հայաստանի մասին (օրինակ՝ «նրանք ոչ մեկին պետք չեն») շատերի մեջ այստեղ ցասում են առաջացրել: Ոմանք անգամ առաջարկում են ցույց անել Բելառուսի դեսպանատան մոտ: Կարծում եմ, նման հարցերում պետք չէ շատ հուզվել: Բելառուսի նախագահն, իհարկե, հախուռն, էքսցենտրիկ բնավորություն ունի, բայց նա հիմար չէ, եւ, հետեւաբար, պետք է փորձել սառնասրտորեն գնահատել նրա ասածի բովանդակությունը՝ ինչպես նաեւ այն հանգամանքը, որ դա ասվում է ռուսաստանյան պաշտոնական հեռուստաալիքին տված հարցազրույցում: Կարելի է մտածել, որ դրանք նաեւ Վլադիմիր Պուտինի մտքերն են, չնայած, վերջինս, իհարկե, նման գռեհիկ ձեւով չի արտահայտվում:

Եվ այսպես, վերծանենք Լուկաշենկոյի ասածի իմաստը: Ըստ այդմ՝ երբ Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերին հարձակվեց Արցախի վրա, Հայաստանը բաց եւ փակ խողովակներով, հրապարակավ եւ ոչ հրապարակավ դիմեց Եվրամիությանը, մասնավորապես, Ֆրանսիային, ինչպես նաեւ՝ Միացյալ Նահանգներին: Աշխարհի այդ կենտրոնները որեւէ լուրջ հետաքրքրություն չցուցաբերեցին Հարավային Կովկասում բռնկված պատերազմի հանդեպ եւ սահմանափակվեցին ընդհանուր, ոչինչ չասող հայտարարություններով: Ռուսաստանը, որը շահագրգռված էր Արցախում խաղաղապահներ տեղադրելով, թույլ տվեց, որ ադրբեջանական բանակը հասնի համարյա մինչեւ Ստեփանակերտ, եւ նոր կանգնեցրեց պատերազմը: Այսօր առանց ռուս խաղաղապահների Արցախը հայաթափվելու է, իսկ Սյունիքի մարզին առնվազն լուրջ վտանգ է սպառնալու: Սա փաստերի չոր արձանագրումն է, որը Լուկաշենկոն ձեւակերպել է մեզ համար վիրավորական արտահայտություններով:

Ի՞նչ է նշանակում գնալ Բելառուսի դեսպանատան մոտ եւ ասել՝ «չէ, մենք աշխարհին պետք ենք»: Նման բաները ցույցերով չեն ապացուցում. դու աշխարհին պետք ես, երբ քեզնից որպես պետություն ինչ-որ բան ես ներկայացնում, իսկ դրա համար քո պետության իշխանությունները պետք է վարեն համապատասխան ներքին եւ արտաքին քաղաքականություն, ոչ թե մտածեն այն մասին, թե իրենց մասին ով ինչ ասաց կամ ով ինչ գրեց ֆեյսբուքում:

Միութենական պետությանն անդամակցելու հավանականություն կա: Ամեն ինչ կախված է Պուտինից, որն այս կամ այն պատճառով կարող է ցանկանալ դե-ֆակտո գոյություն ունեցող հարաբերություններին իրավաբանական տեսք տալ:

Ի դեպ, ազգայնական ուղղվածություն ունեցող ընդդիմադիրները խոսում են այն մասին, որ Հայաստանը կարող է դառնալ Թուրքիայի վիլայեթ: Դա, իհարկե, չափազանցություն է, նման բան Ռուսաստանը թույլ չի տա, եթե, իհարկե, այդ հսկայական երկիրը հերթական անգամ չփլուզվի:

Իրատեսական է մեկ այլ սցենար: Անկախ նրանից, թե ձեւական ինչ տեսք է ստանում մեր անդամակցությունը Ռուսաստան-Բելառուս-Կենտրոնական Ասիա «ակումբին»՝ դա ենթադրում է քաղաքական ռեժիմների որոշակի սինքրոնացում: Այնպես որ, հայաստանյան ավտոկրատիան գնալով ավելի ու ավելի է նմանվելու բելառուսական ավտոկրատիային: Ինքնուրույն դատավորների եւ ՏԻՄ ոչ իշխանական ղեկավարների հետապնդումը, ինչպես նաեւ իշխանավորների հասցեին «վիրավորանքների» մասին գործերի՝ 300-ին հասնող քանակը դրա առաջին ծիծեռնակներն են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր