211652_close_icon
views-count1718 դիտում article-date 11:00 13-02-2022

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի միասնության, համազգային զարթոնքի՝ արցախյան ազգային- ազատագրական պայքարի 34-րդ տարեդարձի առիթով։

Այսօրը՝ փետրվարի 13-ը, նշանավորեց արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարվա հեռավորությամբ մեկնարկային սկզբնափուլը։

Առաջին անգամ խորհրդային իրավական ռեժիմի պայմաններում Ստեփանակերտի Լենինի հրապարակից հնչեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) Ադրբեջանական ԽՍՀ-ից հանելու և Մայր Հայաստանին վերամիանալու կոչերը։

Անտարակույս, ժամանակակիցների հիշողության մեջ անշրջելի էր համազգային զարթոնքի այդ պոռթկումը, և մոտ հիսուն հազար ցուցարարների պահանջով արդեն փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանի կայացրած որոշմամբ ընդունվեց այդ պատմական նշանակալից իրավական ակտը։

Հարկ ենք համարում ընդգծել և տեղեկացնել մեր հայրենակիցներին , որ համավարակի սաստկացմամբ պայմանավորված՝ ինչպես սեպտեմբերի 2-ին ենք զուսպ ու ծանրակշիռ դիմավորել ԱՀ անկախության հռչակման 30-ամյա հոբելյանը, նույն կերպ կկազմակերպենք փետրվարի 20-ին նվիրված միջոցառումները։

Օրվան ընդառաջ Արցախի Հանրապետության խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներգրավմամբ նախատեսվում է անցկացնել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ կհրապարակվի արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի մասին որոշումը։

Թանկագին հայրենակիցներ,
Կրկին շնորհավորելով ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առթիվ՝ մեր ազգին մաղթում եմ տոկունություն, խաղաղ ու ստեղծարար կյանք և որ ամենակարևորն է ՝անսասան հավատ ապագայի հանդեպ։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր