211652_close_icon
views-count365953 դիտում article-date 10:52 21-02-2022

Տեսախցիկն արձանագրել է Աբովյան քաղաքի սկզբնամասում տեղի ունեցած ընտանիքի 5 անդամների ողբերգական ավտովթարի պահը. պարզվել է՝ BMW X5–ի իրական վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

​[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը  ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի  20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում՝ Արզնու խճուղում, տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով ընտանիքի  5  անդամներ տեղում մահացել էին, իսկ անչափահաս երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել  է հիվանդանոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շսամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2  և ավելի մարդու մահ)  հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 29-ամյա  Ռազմիկ Դավթյանը, ում հայրը փորձում էր ոստիկաններին և քննիչներին մոլորեցնել, թե վարորդը ինքն է եղել:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:  Ժամը 20:00-ի սահմաններում, Արզնու խճուղում՝ Աբովյան քաղաքի սկզբնամասում, «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր» ՓԲԸ- ի դիմաց, բախվել են են BMW X5, Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել էին, որոնց դիերը ավտոմեքենայից դուրս էին բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության Փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:  

Դիերը դուրս էին բերել նաև Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Տիգրան Ասատրյանի գլխավորությամբ:   Փրկարարները օգտագործել էին հատուկ տեխնիկա:  

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը:

Ժամանել էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն էր կատարում ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:  

Կոտայքի բաժնի ոստիկաններն ու Ճանապարհային ոստիկանները նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել էին:  

Դեպքի վայր էին ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Արթուր Մելիքյանը: Օպերատիվ են գործել նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբերը և դի տեղափոխող բրիգադները:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Հովհաննիսյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Դավիթ Թովմասյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը:

  ****** 21.02.22
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Կոտայքի բաժնի ոստիկաններն ու քննչական բաժնի քննիչները պարզել են՝  06-ը վարել է Չարենցավան  քաղաքի բնակիչ, 46-ամյա Վաչագան Պետրոսյանը, ուղևորները եղել են՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ,  40-ամյա Արմինե Պետրոսյանը, 17-ամյա Վահե Պետրոսյանը, 65-ամյա Գյուլնարա Պետրոսյանը, Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Մելինե Գասպարյանը:

Վերջիններս տեղում մահացել են, իսկ  06-ի մյուս ուղևոր, 15-ամյա Վանուհի Պետրոսյանը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ  տեղափոխվել  է «Աբովան» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները ընտանիքի անդամներ էին: Պարզվել է՝ Opel-ը վարել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 60-ամյա Վալիշան Կարապետյանը,  իսկ վթարից որոշ ժամանակ անց  ոստիկաններին է  ներկայացել  Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 53-ամյա Սամսոն Դավթյանը և հայտնել, որ BMW X5-ը ինքն է  վարել:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ BMW-ն  նա չի վարել:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 167+
167+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր