211652_close_icon
views-count2844 դիտում article-date 10:37 23-02-2022

Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործը կկարճվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը կկասեցնի Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործը:

Բանն այն է, որ 1,5 տարվա ընթացքում նախաքննական մարմինը չի կարողացել հիմնավորել, թե Ադրբեջանի կողմից ով է իմացել Ջալալ Հարությունյանի գտնվելու վայրը կամ վերոնշյալ մեքենայում լինելու հանգամանքը եւ նախապատրաստել նրա սպանություն: Ասել է թե՝ քրեական գործով այդպես էլ մեղադրյալ չի հայտնվել: Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերին մարտական դիրքում վիրավորվել էր եւ հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել Արցախի պաշտպանության նախարար- Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Այնուհետեւ Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 13-րդ կետերով, այն է՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու համար՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել։ Քրեական գործով հարցաքննվել էր Ջալալ Հարությունյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր