211652_close_icon
views-count6922 դիտում article-date 10:13 01-03-2022

Ի՞նչ սահմաններով է ԵՄ-ն պատրաստ ընդունել Ուկրաինային․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ուկրաինայում եւ նրա շուրջ ընթացող զարգացումները երկարաժամկետ բնույթ են կրելու։ Այդ մասին կանխատեսել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայում ձեւավորվող իրավիճակը շուտ չի վերադառնա բնականին։ «Մենք պետք է պատրաստվենք երկար հակամարտության»,- ասել է Մակրոնը Փարիզում շաբաթ օրը ֆրանսիացի լրագրողներին։

Եթե ռազմական գործողությունների սկսման առաջին օրերին Արեւմուտքը հիմնականում հումանիտար, քաղաքական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն էր հայտնում, ապա վերջին երկու-երեք օրերին խոսվում է նաեւ ռազմական սպառազինությամբ աջակցելու մասին։ Ավելին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը կիրակի օրը BBC-ին տված հարցազրույցում ընդգծել էր, որ եթե բրիտանացիներից որեւէ մեկը ցանկանում է արձագանքել նախագահ Զելենսկու կոչին եւ գնալ ու ինքնակամ կռվել, ապա այդ մարդիկ իրավունք ունեն նման որոշում կայացնելու։ Միաժամանակ, Բրիտանիան մտադիր չէ իր զինվորներին ուղարկել Ուկրաինա՝ մասնակցելու ռազմական գործողություններին։ Միջազգային իրավունքը թույլ է տալիս օտարերկրացիներին կամավոր միանալ ճանաչված պետության պաշտպանական ուժերին:

ՆԱՏՕ-ի ղեկավարներն անցած ուրբաթ հայտարարել էին, որ լրացուցիչ զորքեր են ուղարկելու Արեւելյան Եվրոպա՝ ընդգծելով, որ «նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վրա հարձակվելու որոշումը սարսափելի ռազմավարական սխալ է, որը Ռուսաստանի վրա թանկ կարժենա ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական առումով»։ Այդ կերպ նրանք ապահովագրում են ՆԱՏՕ-ի անդամ պետությունների Ռուսաստանի հետ ունեցած սահմանները եւ փորձում «հնարավոր ամեն ինչ անել՝ հուսալի զսպվածություն եւ անվտանգություն ապահովելու համար»։ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները շարունակելու են Ուկրաինային մատակարարել ռազմական սպառազինություն, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր։

ՆԱՏՕ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Դանիան ֆրեգատ է ուղարկում Բալթիկ ծով, իսկ նաեւ չորս F-16 կործանիչներ՝ Լիտվա։ Իր հերթին՝ Իսպանիան լրացուցիչ նավեր է ուղարկելու դաշինքի նավատորմն ուժեղացնելու համար եւ դիտարկում է Բուլղարիա կործանիչներ ուղարկելու հնարավորությունը: Ֆրանսիան իր հերթին հայտարարել է ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ Ռումինիա զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին։ Նիդերլանդները եւս Բուլղարիա է ուղարկելու երկու F-35 կործանիչ, եւ մարտական պատրաստության վիճակի կբերվեն ՆԱՏՕ-ի արձագանքման ցամաքային զորքերը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր