211652_close_icon
views-count1185 դիտում article-date 15:01 02-03-2022

Վահագն Խաչատուրյանը կարևորեց նախագահի ներդաշնակ աշխատանքը հասարակության և պետական կառույցների հետ

Նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը անհրաժեշտ է համարում գտնել համայն հայության ընդհանուր խնդիրները և դրանց լուծումներ տալ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը հետաքրքրվեց, թե արդյոք նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը ունի քայլերի հաջորդականություն կամ տեսլական, որի միջոցով կարող է շատ կարևոր երկխոսություն սկսել թե հայաստանյան հասարակության, թե աշխարհասփյուռ հայության հետ։

 «Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ նշանակություն ունեն համայն հայության խնդիրները մեզ համար, բոլորս և հատկապես Ազգային ժողովը, պարտավոր ենք այդ խնդիրները մեր խնդիրները դարձնել։ Մենք մեր ապագան պետք է տեսնենք միասին լինելով, մեր ապագան պետք է կերտենք միասին։ Եվ պետք է գտնենք այն ընդհանուր խնդիրները, որոնք միասին կարող ենք լուծել։ Դա կլինի հայապահպանություն, դա կլինի մշակութային մեր արժեքների պահպանություն, լեզվի, գրականության և այլն։ Կան շատ խնդիրներ, որոնք ունենք միասին անելու և այստեղ նախագահի ինստիտուտը իր յուրահատուկ անելիքն ունի»,- պատասխանեց Խաչատուրյանը։

Նա նշեց՝ պետական ինստիտուտները պետք է համագործակցեն և ներդաշնակ լինեն, բայց դա չի նշանակում, որ պետք է իրար հետ համաձայն լինել ու վերջ։

«Հանրապետության նախագահը պետք է ներդաշնակ աշխատի պետության, իշխանության տարբեր թևերի հետ, դրան ավելացրած նաև ոչ իշխանական թևերի հետ՝ նկատի ունեմ քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, սփյուռքում ներկայացված կազմակերպությունների։ Տարանջատում չի կարող լինել։ Աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները մեզ այլընտրանք չեն տալիս։ Մենք մենակ պետք է չլինենք։ 44-օրյա պատերազմը լավագույն դասն էր այդ հարցում»,- եզրափակեց Խաչատուրյանը։

Նմանատիպ նյութեր