211652_close_icon
views-count2879 դիտում article-date 10:45 09-03-2022

Խնդրի լուծումը Հայաստանում հացահատիկի արտադրությունը զարգացնելն է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ եւ շուրջ աճող լարվածության հետ կապված ցորենի գնաճ է արձանագրվել։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանը ցորենով ոչ թե ինքնաբավ, այլ ներմուծող երկիր է, պարենային ապահովության հետ կապված ռիսկեր կարող են առաջանալ։ Մինչ մեր խնդրին անդրադառնալը, նախ փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում այս մասով աշխարհում։

Դեռ փետրվարի սկզբներին, երբ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություններ չէր սկսել Ուկրաինայում, Bloomberg-ը գրեց, որ այս երկու երկրների լարվածությունը մտահոգիչ է, որովհետեւ հացահատիկի արտահանումը կարող է խաթարվել։ Այդ ժամանակ Չիկագոյում ֆյուչերսներն արդեն 1.7 տոկոսով աճել էին, եւ սա այն ժամանակ, երբ այդ թանկացումից ընդամենը մեկ շաբաթ առաջ կրկին թանկացում էր եղել։ Տարբեր երկրների փորձագետներ պնդում են, որ միջազգային շուկայում սննդամթերքի կտրուկ գնաճ կարող է արձանագրվել։

Որպեսզի ավելի պարզ պատկերացնենք, թե ինչ հիմք ունի այս տեսակետը, ընդամենը մեկ փաստ մեջբերենք. ցորենի եւ գարու արտահանման 1/3-ը Ռուսաստանի եւ Ուկրաինայի բաժինն է։ Ընդհանրապես, այս երկու երկրները սննդամթերքի խոշորագույն արտադրողներից են։ Ներկայիս խնդիրը՝ ռազմական գործողությունների հետեւանքով փակված նավահանգիստներ, արեւմտյան պատժամիջոցներ եւն, լրջագույն ռիսկ է դառնում ամբողջ աշխարհի համար։ Եվ, ինչպես գրում է  BBC-ն, աղետ է, որ կրճատելու է համաշխարհային տնտեսական աճը։  

Ցորենի գնաճը չի դադարում այս օրերին եւս։ Մարտի 1-ին արդեն, երբ համաշխարհային շուկայում դրա արտահանման գինն անցավ 410 դոլարի սահմանագիծը, արձանագրվեց, որ այն ամենաբարձրն է՝ 2008-ից այս կողմ։ Արտերկրի տնտեսագետները հացահատիկի շուկայում ուժեղ ցնցումներ են կանխատեսում։

Միջազգային հարթակից գանք Հայաստան։ 44-օրյա պատերազմից առաջ մենք, հացահատիկով ինքնաբավ չլինելու գործոնով պայմանավորված, ցորեն էինք ներկրում Արցախից եւ Ռուսաստանից։ Պատերազմից հետո Արցախից չենք կարող ներկրել, քանի որ հացահատիկ արտադրող տարածքներն Ադրբեջանի վերհսկողության ներքո են։ Մնում է Ռուսաստանը։ Այս մասով էլ երկու խնդիր կա՝ ՌԴ դեմ պատժամիջոցները եւ, դրանից ելնելով, պարենային խնդիր չունենալու համար, ցորենի արտահանման հնարավոր արգելքը հենց ռուսական կողմից։

Ընդհանրապես, փորձը ցույց է տվել, որ ՌԴ-ն այս՝ պարենային ապահովության առումով շատ հետեւողական է եւ արագ որոշումներ կայացնող, որեւէ խնդրի պարագայում այս երկիրը անմիջապես կարող է արտահանման արգելք դնել եւ հանել այն միայն համապատասխան հստակ հաշվարկներից հետո։ Օրինակ՝ կարող է արգելել մասնավորին պարարտանյութեր արտահանել, քանի դեռ չի պարզվել, որ իրենց գյուղոլորտն ապահովված է դրանով։ Կամ՝ 2020 թ. համավարակի ժամանակ արգելեց հացահատիկի արտահանումը։ Թեեւ այն ժամանակ դա չվերաբերեց Հայաստանին, ավելի ստույգ՝ ԵԱՏՄ երկրներին։

Կարո՞ղ ենք վստահաբար ասել, որ հնարավոր հերթական արգելքը ՀՀ-ին չի վերաբերի։ Իհարկե՝ ոչ։ Քանզի պարզ չէ, թե դեռ ինչ հետեւանքների է բերելու ուկրաինական ճգնաժամը։ Այս ամենի ֆոնին Հայաստանը կարող է լրջագույն՝ պարենային ապահովության խնդրի առաջ կանգնել։ Ունե՞նք համապատասխան՝ իմա պահեստային, երկրորդային կամ ճգնաժամային ծրագիր։ Այս պահի դրությամբ՝ ոչ։ Ի՞նչ անել։

Խնդրի լուծումը Հայաստանում հացահատիկի արտադրությունը զարգացնելն է։ Ճիշտ է, մասնագետներն ասում են, որ ՀՀ-ի ցանքատարածությունները հացահատիկի պահանջը բավարարելու համար բավական չեն, բայց հաստատ անհրաժեշտ նվազագույն ծավալը կարող ենք ապահովել՝ արտակարգ իրավիճակներում դիֆիցիտը հնարավորինս նվազեցնելու համար։  Եվ խնդրի այս լուծմանը պետք է նայել ոչ որպես հերթական ծրագրի կամ բիզնես նախագծի, այլ՝ իբրեւ ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչի»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր