211652_close_icon
views-count2184 դիտում article-date 10:38 12-03-2022

«Մատ թափ տալու» մշակույթը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ վարչապետ Փաշինյանը հերթական անգամ (տվյալ դեպքում՝ Ազգային ժողովի ամբիոնից) օգտագործեց, այսպես ասած, «ոչ նորմատիվ բառապաշար», ընդդիմադիրները շտապեցին դա որակել որպես հոգեկան անհավասարակշռության դրսեւորում: Իրականում բացատրությունը, կարծում եմ, այդքան պարզունակ չէ:

Փաշինյանը քաղաքական գործիչ է, եւ անկախ նրանից, թե ով ինչպես է դրան վերաբերում, տիրապետում է քաղաքական մարտավարության նրբություններին: Նման պահվածքով նա ուղերձ է հղում իր ընտրազանգվածին, պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 680 հազար քաղաքացիներին. «Ես ձեզնից մեկն եմ, ես մտածում եմ եւ խոսում եմ ձեր նման, ես ունեմ կուլտուրայի եւ ինտելեկտի՝ ձեզ համապատասխան մակարդակ, ես ձեզ համար ցանկալի լիդեր եմ»: Եվ այդ ուղերձը ռեզոնանսի մեջ է մտնում ընտրազանգվածի տրամադրությունների հետ ու իսկապես արտահայտում է իրականությունը:

Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նման խնդիր չունեին, այդ գործիչներին հայտնի էր հասարակության մեծամասնության տրամադրությունը: Նրանք, մասնավորապես, գիտեին, որ ընտրություններում, միեւնույն է, չեն հաղթի, եւ իշխանությունը պահելու համար դիմում էին մեզ հայտնի մեթոդներին: Խոսքի եւ հավաքների ազատությունը ճնշելու, ընդդիմադիրներին լռեցնելու, նրանցից վրեժ լուծելու մեթոդները կիրառվում են նաեւ այսօր: Բայց Փաշինյանն, այդուհանդերձ, անգամ այդ գործիքներն աշխատեցնելով, ձգտում է ստանալ հասարակության մեծամասնության աջակցությունը: Եվ ստանում է այն:

Խնդիրը, հետեւաբար, մեր մեջ է: (Ստիպված եմ կրկնել այդ ծեծված բանաձեւը): Պատկերացրեք այսպիսի մի վիճակ. դուք մտնում եք մի սենյակ, որտեղ բոլորն իրար վրա «մատ են թափ տալիս» (կիրառենք վարչապետի ասածի մեղմ տարբերակը): Ինչպիսի՞ն կլինի ձեր վարքագիծը. 1/ դուռը կփակեք եւ կփախչեք, 2/ կբացատրեք, որ այդպես չի կարելի, 3/ ինքներդ նույնը կանեք: Ճիշտն, իհարկե, երկրորդն է, բայց արդյո՞ք մենք այդպես ենք վարվում: Իսկ հիմա այդ մասնավոր, կենցաղային դեպքը տարածեք ամբողջ հասարակության վրա՝ հաշվի առնելով նաեւ Արցախի ճակատագրի հանդեպ մեծամասնության անտարբերությունը, երբեմն նաեւ՝ ագրեսիվ-թշնամական վերաբերմունքը: 

Այդ խնդիրը պատմական խորն արմատներ ունի: Բացատրություններից մեկը, կարծում եմ, այն է, որ այն տարածքում, որտեղ մենք փորձում ենք պետականություն կառուցել, մտավորականությունը (որն այլ երկրներում սերում էր արիստոկրատիայից եւ բուրժուազիայից) սկսել է ձեւավորվել միայն 20-րդ դարում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր