211652_close_icon
views-count2285 դիտում article-date 12:48 15-03-2022

Անդրանիկ Փիլոյան. ԱԻՆ փրկարար ծառայությունը համալրվել է 12 անօդաչուով

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը 2021-ին համարվել է 12 անօդաչու թռչող սարքերով, դրանցով համալրված են մարզային բոլոր վարչությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ կառավարության 2021-2026 թթ հնգամյա ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասով ԱԻՆ-ի կատարած աշխատանքները:

«Հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ փրկարար ծառայությունը համալրվել է 12 միավոր անօդաչու թռչող սարքերով, որոնցից 4-ը նախատեսված են հատուկ նշանակության աշխատանքների իրականացման համար, մեկ միավոր՝ մինչև 150 մ խորության պայմաններով որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ջրային դրոնով»,-ասաց Փիլոյանը: 

Ըստ նախարարի՝ այդ համալրումը կատարվել է ոչ թե բյուջեի հաշվին, այլ գործընկերների կողմից եղել է որպես նվիրատվություն: Մինչև այդ գերատեսչությունն ունեցել է ևս 4 ԱԹՍ: «Դրանցով համալրել ենք մեր բոլոր մարզային վարչությունները: Այսինքն մեր բոլոր մարզային վարչություններն ունեն գոնե մեկական դրոն, և անձնակազմն ուսուցանված է, որ դրանցով կատարեն համապատասխան աշխատանքներ»,-ասաց Փիլոյանը:

2021-ին մարզերում և Երևանում տեղադրվել է 203  նոր էլեկտրաշչակ, վերանորոգվել է 224 էլեկտրաշչակ: 2021-ի տվյալներով՝ 1003 էլեկտրաշչակներից  961-ը գտնվում են սարքին վիճակում: «Մինչև 2021-ին սարքին էլեկտրաշչակների քանակը եղել է 485, մոտավորապես 50 տոկոսով մենք թիվն ավելացրել ենք: Ընդհանուր առմամբ, որպեսզի ամբողջովին Հանրապետության տարածքում կարողանանք բնակչությանն ազդարարենք, անհրաժեշտ է 1544 էլեկտրաշչակ»,-ասաց Փիլոյանը:

Նախարարի խոսքով՝ նախորդ տարի հրշեջ ավտոմեքենաներ են հատկացվել Սյունիքի Շուռնուխ, Շիկահող և Կոռնիձոր համայնքներում ձևավորված հրշեջ փրկարարական և կամավորական հրշեջ փրկարարական հենակետներին: Կոռնիձոր համայնքի ղեկավարը դիմել է ևս մեկ հրշեջ փրկարարական մեքենա տրամադրելու համար: Դա նույնպես կտրամադրվի:

Փիլոյանը նաև հայտնեց, որ համալրվել են նաև 7 միավոր թեթև բեռնատար, հրշեջ փրկարարական, մարդատար ամենագնաց տրանսպորտային միջոցներով: Բոլոր բեռնատար և ամենագնաց տրանսպորտային միջոցները հատկացվել են Սյունիքի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումներին ձմեռային ժամանակահատվածում մարզի ավտոճանապարհների դժվարանցանելի հատվածներում փրկարարական ծառայության արագ և արդյունավետ կազմակերպման նպատակով: «Մենք այս տարի ամեն տարվա նախատեսվածի փոխարեն լրացուցիչ 3 տաքացման կետեր էինք բացազատել, 3-ն էլ Սյունիքի մարզի ավտոճանապահներին, մասնավորապես Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածում»,-ասաց Փիլոյանը:

Նմանատիպ նյութեր