ԵՊԲՀ-ի հնդիկ ուսանողները նշել են ավանդական գույների փառատոնը
Երևանի պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները նշել են իրենց ամենահայտնի տոներից մեկը՝ Հոլին, կամ՝ Գույների փառատոնը։
ԵՊԲՀ-ից տեղեկացրին, որ միջոցառմանը ներկա էին օտարերկրացիների ուսուցման դեկանատի ղեկավար, դեկան Գայանե Ավետիսյանը, փոխդեկան, Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը, օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ռահուլ Անիլ Սետհին։
Տոնը խորհրդանշում է գարնանամուտը, ինչպես նաև՝ բարու հաղթանակը՝ չարի, կամ՝ ջերմության հաղթանակը՝ սառնության նկատմամբ։
Տոնը շատ նման է մեր հայկական ավանդական Վարդավառին։ Այն տոնվում է ինչպես Հնդկաստանի բնակիչների կողմից, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ ի նշան ազատության ու կապանքներից ձերբազատման։
Հոլին ունի 2000 տարուց ավելի պատմություն եւ, սովորաբար, նշվում է երկու օր, փետրվարի վերջին ու մարտի սկզբին՝ նորալուսնի ժամանակ։