211652_close_icon
views-count6607 դիտում article-date 13:50 28-03-2022

Քանի անշարժ գույք են ՀՀ-ում ձեռք բերել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները. մանրամասնում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը

Թուրքիայի քաղաքացիները մինչև օրս Հայաստանում ձեռք են բերել ոչ գյուղատնտեսական նշանակության 72 անշարժ գույք, իսկ Ադրբեջանի քաղաքացիները՝ 5 կամ 6 : «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

«ՀՀ-ում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել  ցանկացած պետության քաղաքացիներ: Իրավունքների գրանցման կետից, եթե չեմ սխալվում՝ 2002 թվականից սկսած մինչև այսօր, մենք ունեցել ենք ընդամենը 72 միավոր, որ գնվել էր Թուրքիայի քաղաքացիների կողմից: Դրանց մեծ մասը բնակարաններ էին, մի հատվածը՝ հասարակական փոքր օբյեկտներ»,-ասաց Թովմասյանը:

Նա, անդրադառնալով Ադրբեջանի քաղաքացիների կողմից ՀՀ-ում գույք ձեռք բերելուն, ընդգծեց, որ, երբ Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ-ում գույք են ձեռք բերում, ունենում են ճամփորդական անձնագրեր: «Որևէ այլ քաղաքացի չի գալիս իր այն անձնագրով ՀՀ-ում իր այդ գույքը ձեռք բերում: Ինքը մեզ մոտ ստանում է համապատասխան ճամփորդական անձնագիր, դա ստանալու ընթացքում բոլոր մտավախությունները փարատվում են: Եթե ունի ճամփորդական անձնագիր, նշանակում է, որ ամեն ինչ, կոպիտ ասած, «տեղը տեղին է», և ինքը գալիս է այստեղ ու ձեռք բերում համապատասխան անշարժ գույք»,-ասաց Թովմասյանը:

Նա նշեց, որ, եթե չի սխալվում, ապա Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ունեն Հայաստանի ճամփորդական անձնագիր, 5 կամ 6 անշարժ գույք են ձեռք բերել:

Իսկ թե այդ երկու երկրների քաղաքացիների կողմից ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերելու ակտիվություն ո՞ր տարիներին է եղել՝ նա ասաց, որ ընդհանրապես մտավախություն չկա: «Օրինակ, 2017-ին կարող է մի քանի հատ բնակարան ձեռք բերած լինեն, 2018-ին, 2010-ին»,-նշեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ մտավախություն կա, որ կարող է հատկապես վերջին շրջանում են ավելացել՝ Թովմասյանը վստահեցրեց, որ նման բան չկա:

Նմանատիպ նյութեր