211652_close_icon
views-count1184 դիտում article-date 16:38 31-03-2022

Դատախազությունը 2021թ. ընթացքում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության բնագավառում կատարել է 1189 ստուգում և ուսումնասիրություն

ՀՀ դատախազությունը 2021թ. ընթացքում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության բնագավառում կատարել է 1189 ստուգում և ուսումնասիրություն: Դրանց արդյունքում հայտնաբերվել է 153 խախտում, ինչը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 1.5 անգամ: Պատկան մարմիններին ուղարկվել է 16 հաղորդում՝ 2020թ. համեմատ եռակի ավելի, ինչպես նաև ներկայացվել է 34 միջնորդագիր՝ 2020թ. համեմատ 70%-ով ավելի: Դրանց հիման վրա վերանայվել է օրինականությանը հակասող 14  և կասեցվել օրենսդրությանը հակասող 21 ակտ:

Վարչության կողմից ՔԿՀ-ներում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ՝ կապված անձանց պահման պայմանների, դատապարտյալների ուղղման, սոցիալական վերականգնման ուղղությամբ իրականացվող միջոցառումների, ինչպես նաև պահվող անձանց օրենքով սահմանված հիմնական իրավունքների, այդ թվում՝ իրենց իրավունքների, ազատությունների և պարտականությունների մասին տեղեկանալու, առողջության պահպանման, բավարար սնունդ, բժշկական օգնություն ստանալու, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հետ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՔԿՀ-ներում տույժի են ենթարկվում գերազանցապես բջջային հեռախոսներ պահելու համար: Այդ հանգամանքը, իրավական առումով, որպես պատժի կրման ընթացքում ոչ պատշաճ վարքագծի դրսևորում, հետագայում խոչընդոտներ է ստեղծում դատապարտյալների համար` օգտվելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի հետագա կրման նպատակով մեկուսացվածության առավել ցածր աստիճանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու հնարավորությունից:

Պահվող անձինք, բջջային հեռախոսների միջոցով արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով, առանձին դեպքերում, կատարում են տարաբնույթ հանցավոր արարքներ, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախության կամ շորթման եղանակով գույքի հափշտակություն և այլն: Վերջինս կանխելու միակ երաշխիքը դրանց ներթափանցմանն ու հայտնաբերմանն ուղղված կոնկրետ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելն է, ինչպես նաև բջջային կապի հաճախականության ռադիոալիքների խլացման նպատակով ռադիոհաճախականությունների խլացուցիչներ տեղադրելը:

Պարզվել էր նաև, որ անազատության մեջ պահվող անձինք ՔԿՀ-ներում  տեղադրված տաքսոֆոններից առանձին դեպքերում չեն օգտվում՝ պատճառաբանելով դրանց սակագնի բարձր արժեքը, տաքսոֆոնների խափանումները, համապատասխան քարտերի բացակայությունը, ինչպես նաև շաբաթվա ընթացքում ժամանակացույցին համապատասխան զանգ կատարելու քանակի սահմանափակությունը:

Այս խնդիրներին համակարգային լուծում տալու համար ՀՀ արդարադատության նախարարին 2021թ. ուղարկվել է հաղորդում, որով նաև առաջարկվել է օրենսդրական առկա կարգավորումների շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից տաքսոֆոնից օգտվելու ժամանակացույցը քանակական առումով բարելավելու, ինչպես նաև մատուցվող հեռախոսակապի գնային բաղադրիչը առավել գրավիչ դարձնելու նպատակով իրավասու մարմինների հետ լուծումներ գտնելու համար:

Պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ քրեակատարողական ծառայության համակարգում նախատեսվող բարեփոխումների շրջանակում նախանշված են բարձրացված խնդիրների լուծմանը, ՔԿՀ-ների պահպանության և անվտանգության ապահովման խոցելիությունը վերացնելուն ուղղված միջոցառումներ:  

Անազատության մեջ գտնվող անձանց առողջապահական իրավունքների պաշտպանվածության վիճակի ուսումնասիրություններով պարզվել է, որ որոշ ՔԿՀ-ներում վերջիններս օրենքով սահմանված կարգով հիմնականում չեն տեղեկացվել բժշկական օգնության և սպասարկման ծավալների ու տրամադրման, բուժօգնության դիմելու կարգերի մասին: Իսկ առանձին հիվանդություններով տառապող անձինք օրենքով իրենց հասանելիք հետազոտություններն անցել են մասնակի: Այսինքն` պահվող անձանց մեծամասնությունը զրկված է եղել բժշկական օգնության և սպասարկման, բժշկական օգնության և սպասարկման ծավալների ու տրամադրման կարգի մասին իրազեկված լինելու իրավունքից:

Բացի այդ, պահվող անձինք, բժշկական համապատասխան ծառայություններն ստանալու նպատակով, սահմանված ընթացակարգով պետք է կցագրվեն ՔԿՀ-ին մոտ գտնվող՝ լիցենզավորված արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությանը: Պարզվել է, սակայն, որ առանձին ՔԿՀ-ներ ընդունվելիս անձինք նման կցագրում չեն անցել:

Ուսումնասիրություններով հաստատվել է նաև, որ պահվող անձանց առողջության պահպանման նպատակով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկների կողմից ՔԿՀ-ներ անհրաժեշտ համայցեր կատարելու և դրանց նկատմամբ հսկողություն իրականացնելու պահանջները պատշաճ չեն կատարվել: Իսկ մի քանի ՔԿՀ-ներում «շաքարային դիաբետ, սիրտ-անոթային համակարգի և հիպերտոնիկ» հիվանդություններով տառապող պահվող անձանց համար սահմանված պարտադիր բժշկական հետազոտություններն իրականացվել են մասնակի:

Նշված և այլ խախտումները, բացթողումները վերացնելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով դատախազության կողմից 2021թ. հաղորդում է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարին: Ստացված պատասխան գրությամբ հավաստվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է ուժեղացնել բոլոր ՔԿՀ-ներում բժշկական ստորաբաժանումների նկատմամբ հսկողությունը:

Այլ ուղղություններով քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում:

Նմանատիպ նյութեր